ՍԱՏՄ․ Ստուգվել են ներմուծված կաթնամթերքի որոշ ապրանքատեսակներ

ՍԱՏՄ․ Ստուգվել են ներմուծված կաթնամթերքի որոշ ապրանքատեսակներ

26 դեկտեմբերի 2025 – 15:51 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները՝ «Անվտանգ Սնունդ» կայքի առաջարկով, իրականացրել են հսկիչ գնումներ՝ ստուգելու հայկական շուկայում առկա ԵԱՏՄ և երրորդ երկրներից ներմուծված կաթնամթերքի մի շարք ապրանքատեսակներ։ Ապրանքներն անցել են մանրէաբանական հետազոտություն և դրանցում որոշվել է կաթնայուղի զանգվածային մասը։

Մարգարյան 23/6 հասցեում գործող «Կայզեր» սուպերմարկետից («Պար-Արտ» ՍՊԸ) նմուշառվել են հետևյալ ապրանքները՝

  1. «Брест Литовск» ապրանքանիշի թթվասեր (Բելառուս),
  2. Fruttis դեղձով յոգուրտ (Ռուսաստան),
  3. Нежный ելակով յոգուրտ (Ռուսաստան),
  4. Cheese Life «Մոցարելլա» կիսաամուր արտադրանք (Ուկրաինա),
  5. Danone ելակով յոգուրտ (Ղազախստան),
  6. Агуша մանկական կաթնաշոռ (Ռուսաստան),
  7. President թթվասեր՝ 20% և 30% յուղայնությամբ (Ռուսաստան)։

Լաբորատոր արդյունքներով՝ Брест Литовск, Fruttis, Нежный և Cheese Life ապրանքատեսակները չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին՝ կաթնայուղի զանգվածային մասի ցուցանիշներով։

Հսկիչ գնումներ են կատարվել նաև Մաշտոցի պողոտա 5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետից («Սիթի» ՍՊԸ), որտեղ ստուգվել են հետևյալ ապրանքները՝

  1. «Вершковий рай» ապրանքանիշի «Голландец» սպիտակուցաճարպային մթերք (Ուկրաինա),
  2. Parmalat բնական յոգուրտ առանց լակտոզայի (Ռուսաստան),
  3. Anchor քաղցրահամ կարագ (Նոր Զելանդիա),
  4. «Доярушка» սերուցքային կարագ (Նոր Զելանդիա)։

Ըստ լաբորատոր զեկույցի՝ «Вершковий рай» ապրանքանիշի «Голландец» արտադրանքը չի համապատասխանել պահանջներին ոչ միայն կաթնայուղի զանգվածային մասով, այլև աղիքային ցուպիկի խմբի մանրէների առկայությամբ (ԱՑԽՄ)։

Բոլոր հետազոտություններն իրականացվել են ՍԱՏՄ-ի ենթակայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։

Հետագծելիության սկզբունքով, ապրանքները ներմուծած՝ «Լ․Դ․Լ», «Լիա-Կ Գրուպ», «Ադամիում» և «Մեգա Ֆուդ» ընկերություններում այս պահին ՍԱՏՄ-ն իրականացնում է վերահսկողական գործընթացներ։ Արդյունքները կհրապարակվեն։

Leave a Comment