26 դեկտեմբերի 2025 – 16:09 AMT
PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 25-ին «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման կենտրոնական գրասենյակում կայացել է հանդիպում կազմակերպության վարչության և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչների միջև։
«Երկրում սաստկացող բռնաճնշումների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխող վարչախմբի աննախադեպ արշավի ֆոնին` քննարկվել է երկու կառույցների ջանքերի համակարգումը Հայաստանում սահմանադրական կարգի պաշտպանության և քաղաքացիների օրինական իրավունքների ապահովման նպատակով։
Մասնավորապես արձանագրվել է, որ եվրոպական տարբեր կառույցները վերջին շրջանում ավելի հաճախակի են կիրառում երկակի ստանդարտներ և փաստացի անտեսում են Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների աղաղակող խախտումները, ինչը հավելյալ վստահություն է ներշնչում գործող վարչախմբին՝ անարգել խախտելու ազգային արժեքները պաշտպանող քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքները»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Որոշվել է, որ քննարկումները կշարունակվեն` ներառելով ազգային դաշտում գործող այլ առողջ հասարակական և քաղաքական կազմակերպություններին՝ նպատակ ունենալով «թույլ չտալ Հայաստանում բռնատիրության հաստատումը և ցանկացած հակասահմանադրական ճանապարհով դրա վերարտադրությունը»։
ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։