Անգլիական Սուրեյ կոմսության ոստիկանությունը կդիմի ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ)՝ տեղեկություն ստանալու համար Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ III-ի եղբոր՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորի հնարավոր մասնակցության մասին այն երեկույթներին, որոնցում կատարվել է բռնություն երեխաների հանդեպ։ Հարցման պատճառը ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով ֆայլերի հրապարակումն է, որոնցում հիշատակվում են հանցագործություններ իբր Էնդրյուի մասնակցությամբ, որոնք կատարվել են Անգլիայում, դեկտեմբերի 25-ին տեղեկացրել է The Times թերթը։
«Մենք ոչ մի ապացույց չենք հայտնաբերել, որ այդ հանցագործությունների մասին հայտարարությունները հանձնվել են Սուրեյ կոմսության ոստիկանությանը։ Ուստի մենք կդիմենք կողմնակի գերատեսչությունների՝ գրաքննության ենթարկված տեղեկությունն ստանալու համար»,- պարբերականը մեջբերել է բրիտանական ոստիկանության հայտարարությունը։
2019թ․արքայազն Էնդրյուն ստիպված էր հրաժարվել թագավորական ընտանիքի պաշտոնական պարտականությունների կատարումից Էփշտեյնի գործի հետ կապված սկանդալի պատճառով։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամերիկուհի Վիրջինիա Ջուֆրեն մեղադրանքներ է ներկայացրել նրա դեմ՝ հայտնելով, որ նա եղել է մի քանի տղամարդկանց մեջ, որոնց հետ իրեն 17 տարեկանում ստիպել են զբաղվել սեքսով։ 2022թ․ Եղիսաբեթ II-ի որոշմամբ արքայազնը զրկվել է պատվավոր զինվորական կոչումներից եւ մի քանի հասարակական կազմակերպությունների հովանավորի դերից։
Էփշտեյնը կրկնակի ձերբակալվել է Նյու Յորքի նահանգի իրավապահ մարմինների կողմից 2019թ․ հուլիսի 6-ին։ Դատախազությունը հայտարարել էր վկայությունների առկայության մասին, որ 2002-2005թթ․ նա կազմակերպել է տասնյակ անչափահաս աղջիկների այցելություններ Մանհեթենի իր տուն, նրանցից ամենափոքրը 14 տարեկան էր։ Էփշտեյնի ընկերների եւ ծանոթների շրջանակ են մտնել բազմաթիվ գործող եւ պաշտոնաթող պաշտոնյաներ ոչ միայն ԱՄՆ-ից, այլեւ շատ այլ երկրներից, ներառյալ պետությունների նախկին ղեկավարներ, խոշոր ձեռնարկատերեր եւ շոու բիզնեսի աստղեր։ ԱՄՆ-ում ֆինանսիստի քրեական հետապնդումը դադարեցվել է այն բանից հետո, երբ նա ինքնասպանություն է գործել բանտախցում 2019թ․ օգոստոսի 10-ին։