ՊՆ պաշտոնյաներ են մեղադրվում վառելիքի հափշտակության և դրան օժանդակելու մեջ

ՊՆ պաշտոնյաներ են մեղադրվում վառելիքի հափշտակության և դրան օժանդակելու մեջ

26 դեկտեմբերի 2025 – 13:03 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալը, նախապես համաձայնության գալով նույն զորամասի պահեստապետի հետ, ծառայողական և իշխանական դիրքը օգտագործելով, իրականացրել է խոշոր չափի դիզելային վառելիքի հափշտակություն։

Ըստ նախաքննության՝ պարզվել է, որ հրամանատարի տեղակալը, արձանագրելով 700 լիտր դիզելային վառելիքի ավելցուկ, այն չի մուտքագրել պահեստ, այլ որոշել է վաճառել՝ այդ նպատակով դիմելով նույն զորամասի դասակի հրամանատարին։ Արդյունքում, վառելիքը դուրս է բերվել զորամասից գնորդի մեքենայով և վաճառվել, իսկ ստացված գումարը բաժանվել է հափշտակության մասնակիցների միջև։

Քննությամբ պարզվել է նաև, որ դրանից հետո նույն մեքենայով փորձ է արվել դուրս բերել ևս 2 տոննա դիզելային վառելիք՝ կրկին վաճառելու մտադրությամբ, սակայն այս անգամ գործողությունը կիսատ է մնացել, քանի որ պահեստապետը ձերբակալվել և տեղափոխվել է Հակակոռուպցիոն կոմիտե։

Դիզվառելիքի հափշտակության և դրա փորձի համար, ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև 44-256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանքներ են առաջադրվել գումարտակի հրամանատարի տեղակալին և պահեստապետին։

Մեղադրանքներ են ներկայացվել նաև դասակի հրամանատարին և վառելիքի գնորդին։ Վերջինիս նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ որպես խափանման միջոց։

Նախաքննության ընթացքում պետությանը հասցված վնասի ամբողջական փոխհատուցում է իրականացվել։

Գործի նախաքննությունն ավարտվել է, և նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

Leave a Comment