Կառավարությունը խոսքի ազատությունը վտանգող նորմեր է ցանկանում սահմանել – 5tv

 

Բարձ տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում վիճահարույց դրույթներ է ցանկանում սահմանել, որոնք կիրառության մեջ շատ վտանգավոր կարող են լինել: Դրույթներից մեկը սահմանում է, որ «օրենքով կարգելվի սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու, բռնություն և դաժանություն քարոզելու կամ նման նպատակ հետապնդող բովանդակության տարածումը»: 

Սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանին հարցրինք՝ արդյոք նման նորմի սահմանումը վտանգավոր չէ՞. պատկերացնենք՝ մեկը խոսում է Շուշիի ազատագրման կամ Արցախ վերադարձի մասին, մտավախություն չկա՞, որ սա կարող են համարվել պատերազմի քարոզ.

«Գիտեք՝ վտանգավոր է նման նորմեր սահմանելը՝ մանավանդ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում: Միջազգային իրավունքում, «Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին» դաշնագրի 20-րդ հոդվածը նույնպես ատելության խոսքի վերաբերյալ՝ այդ թվում նաև պատերազմի քարոզ և այլն, դա բացարձականապես արգելված վարքագիծ է, դա, ըստ էության, ատելության խոսքի վերաբերյալ նորմ է, որն արդեն իսկ կա՝ 9-րդ հոդվածը, բայց երևի ուզում են ուժեղացնել: Կիրառման ոլորտում, այո, դա կարող է չարաշահվել: 

Գիտեք՝ «պատերազմի քարոզ» և «ինքնապաշտպանական պատերազմ», երբեմն դրանց միջև բաժանման գիծը հստակ չէ: Կամ ի՞նչ է նշանակում «սահմանադրական կարգը տապալել»: Մինչև հիմա  ոչ մի դատարան չի կարողացել դա մեկնաբանել, դրա վերաբերյալ նույնիսկ Սահմանադրական դատարանի որոշում կա՝ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ, կա Եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքը: Դա անորոշ տերմին է: Օրինակ ՝ փողոցները փակելը սահմանադրական կարգի տապալո՞ւմ է, թե՞ ոչ: Դրա համար ես այդ դրույթը կհանեի: Դա կարող է չարաշահվել կիրառման ոլորտում»,- ասաց Ղազարյանը: 

Առաջարկվող դրույթներից երկրորդն էլ սահմանում է հետևյալը. «կարգելվի օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը»: Արա Ղազարյանի կարծիքով՝ այս դրույթը ևս վիճահարույց է.

«Դա էլ է անորոշ, ի՞նչ է նշանակում «միջամտել»: Դա ազատ խոսքը վտանգող նորմ է: Ես ոչ մի այլ երկրի օրենսդրությունում չեմ տեսել նման նորմ, և եթե նույնիսկ կա էլ, դա ազատ խոսքի պոտենցիալ վտանգ է: Մարդիկ պետք է կարողանան անկաշկանդ քննադատել իշխանություններին, դա ազատ խոսքի ամենակարևոր բանաձևերից մեկն է»,- ասաց Ղազարյանը:

Leave a Comment