ՊՆ պաշտոնատար անձինք զորամասից դիզվառելիք են հափշտակել. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալը նույն զորամասի պահեստապետի հետ նախնական համաձայնությամբ, իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, խմբով կատարել են խոշոր չափերի դիզելային վառելիքի հափշտակություն. հիմնավորվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ:

Մասնավորապես, ինչպես նշում է կոմիտեն, նախաքննությամբ պարզվել է, որ զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալը 700 լիտր դիզելային վառելիքի ավելցուկը չի մուտքագրել պահեստ, այլ այն վաճառելու և գնորդ գտնելու նպատակով դիմել է նույն զորամասի դասակի հրամանատարին, որից հետո նշված վառելիքը գնորդի ավտոմեքենայով դուրս է բերվել զորամասից ու վաճառվել, իսկ գումարը բաժանվել է նշված անձանց միջև: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ դրանից հետո նույն ավտոմեքենայով փորձել են զորամասից դուրս բերել ևս 2 տոննա դիզելային վառելիք՝ դարձյալ վաճառելու նպատակով, սակայն խմբի անդամները չեն կարողացել ավարտին հասցնել սա, քանի որ պահեստապետը ձերբակալվել է:

Մեղադրանքներ են ներկայացվել զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալին և պահեստապետին, ինչպես նաև դասակի հրամանատարին և վառելիքի գնորդին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը: Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Leave a Comment