26 դեկտեմբերի 2025 – 10:55 AMT
PanARMENIAN.Net – Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ընդունել է Մայր Աթոռում սպասավորող, Գևորգյան հոգևոր ճեմարանի և նորընծա սարկավագներին։ Նորընծա սարկավագների անունից Բարեշնորհ Վռամ սարկավագ Հարությունյանը երախտագիտության խոսք է հղել Նորին Սրբությանը՝ արտահայտելով շնորհակալություն նրա հոգածության ու հայրական սիրո համար և հավաստիացնելով, որ որպես ապագա հոգևոր սպասավորներ, ձգտելու են արդարացնել Հայրապետի վստահությունը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շնորհավորելով սարկավագներին ու փոխանցելով իր օրհնությունը, ասել է, որ բոլոր ժամանակներում Եկեղեցին հանդիպել է մարտահրավերների, որոնք հաղթահարվել են նվիրյալ եկեղեցականաց ծառայութան շնորհիվ։
Նա անդրադարձ է կատարել Սուրբ Ստեփանոս Նախավկայի կերպարին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր հոգևորական պետք է ոգեշնչվի նրա նվիրումից և պատասխանատվության զգացումից։
Նա հավելել է, որ այսօր նույնպես նոր մարտահրավերների պայմաններում հայ հոգևորականն ունի կարևոր առաքելություն՝ իր հավատավոր ժողովրդին միավորելու Եկեղեցու շուրջ և Ավետարանի քարոզչությամբ առաջնորդելու դեպի խաղաղություն։
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը սարկավագներին հորդորել է՝ Սուրբ Ստեփանոսի հավատքը, աստվածսիրությունն ու քաջության ոգին օրինակ ունենալով՝ իրենց ծառայությունը ուղղել ի բարին Եկեղեցու և հայրենիքի։
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը պատասխանել է նաև սարկավագների հարցերին, որոնք առնչվել են Եկեղեցու առաքելությանը և այն մարտահրավերներին, որոնք ծառացած են նրա առջև։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին հանգստի կոչելու պահանջով հավաքվելու կոչ արած 10 եպիսկոպոսները դեկտեմբերի 18–ին Էջմիածնում հանդես են եկել հայտարարությամբ և արագ հեռացել։ Միևնույն ժամանակ Մայր Տաճարի ներսում ընթանում էր ժամերգությունը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ։
«Սուրբ Էջմիածնի առջև ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր, ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր ու աներկյուղ։ Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երեկեղեցու պայծառության և մեր երկրի շինությանը»,–ասել է Գարեգին Բ–ն։