Օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը կարգելվի

Օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը կարգելվի

26 դեկտեմբերի 2025 – 11:12 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանում օրենքով կարգելվի սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն և դաժանություն քարոզելու նպատակ հետապնդող բովանդակության, ինչպես նաև օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը։ Այդ մասին հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նա նշելէ, որ ԲՏԱՆ կողմից ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը հաստատվել է դեկտեմբերի 25-ի կառավարության նիստում։

Նախագիծն ընդգրկում է նաև ցանցային օպերատորների լիցենզիաների կասեցման և դադարեցման իրավական հիմքերի, չափանիշների ու կիրառման մեխանիզմների հստակեցում։ Նույնպես վերանայվել և խմբագրվել են պահանջները, որոնք վերաբերում են տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեությանը։

Տուգանքներին առնչվող բաժնում ևս կատարվել են լրացումներ՝ հատկապես այն դեպքերի վերաբերյալ, երբ գործունեությունն իրականացվում է օրենքի խախտմամբ։ Բացի այդ, նոր հոդված է ավելացվել, որը կարգավորում է ցանցային օպերատորի լիցենզիայի կասեցման և դադարեցման ընթացակարգը։

Նախագծով նախատեսվող փոփոխությունների ու լրացումների շնորհիվ կբարելավվեն վերահսկողության և կարգավորման մեխանիզմները տեսալսողական մեդիայի ոլորտում, ինչը կխթանի օրենքի կիրառման արդյունավետությունն ու գործնական կիրառելիությունը։

Այս նախաձեռնության շնորհիվ կվերացվեն երկիմաստ մեկնաբանությունների հնարավորությունները և կապահովվի կանխատեսելի իրավական դաշտ ոլորտում գործող կազմակերպությունների համար։ Կձևավորվեն հավասար մրցակցային պայմաններ, ինչի շնորհիվ կկանխվեն մենաշնորհային դիրքի չարաշահումները և կնվազեցվեն շուկայում անհավասար պայմանների առաջացման ռիսկերը։

«Միաժամանակ, փոփոխությունները միտված են քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվության սահմանափակմանը՝ հնարավորություն տալով կանխել ապատեղեկատվության, բռնության, ատելության քարոզի և այլ վնասակար բովանդակության տարածումը»,- նշել է նախարարը։

Նախագծով կսահմանվեն տեղեկատվական պաշտպանության իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան զսպել արտաքին ազդեցությունները Հայաստանի տեղեկատվական միջավայրի վրա՝ ապահովելով ազգային անվտանգությանը համահունչ վերահսկողություն և վերահսկելիություն։

Leave a Comment