Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանն իրեն առնչվող քրեական վարույթը կրկես է անվանել։ Նա Ֆեյսբուքի իր էջում խոստացել է տոներից հետո անդրադառնալ իրեն վերագրվող մեղադրանքներին։
Նախկին համայնքապետին Հակակոռուպցիոն կոմիտեում մեղաղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։ Մեղադրյալներ են նաև նրա ամուսինը, ամուսնու հայրը և այլ փոխկապակցված անձինք։
«Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ այսքան ժամանակ լուռ հետևել եմ իմ հասցեին տարածվող հերյուրանքներին և դրանց վրա թաքնված կամ անթաքույց ցնծացողներին: Այս պահին բոլորի նման մեծ ոգևորությամբ պատրաստվում եմ Ամանորին, այն ընտանեկան ջերմ մթնոլորտում նշելուն: Տոներից հետո խոստանում եմ խոսել, հանգամանալից անդրադառնալ այս կրկեսին»,- գրել է Գասպարյանը։
Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական էր տվել, ինչին նախորդել էր նրա սկեսրայրին պատկանող գազալցակայանում մարտի 22-ին տեղի ունեցած սպանությունը։ Հուլիսի 26-ին Գլխավոր դատախազությունից Armenia Today-ին հաստատել էին, որ Գասպարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն կոմիտեում փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածներով վարույթ է նախաձեռնվել։
Դեկտեմբերի 23-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել էր, որ Գասպարյանն իր ընտանիքի անդամների և փոխկապակցված անձանց հետ համայնքապատկան հողերը ձևական աճուրդների ու ուղղակի վաճառքների միջոցով ձեռք է բերել բազմակի անգամ շուկայականից ցածր գներով։
