Մենք գրել էինք, որ Ազգային ժողովի պատգամավորները դեկտեմբերին միանգամից շատ մեծ գումարի փոխանցում են ստացել իրենց հաշվի համարներին` մոտ 3 մլն դրամ, ինչն աննախադեպ է` գոնե նախորդ տարիներին նման բան չի եղել:
«Հրապարակը» գրել էր նաեւ, որ ՊՆ-ում են տարեվերջյան ճոխ պարգեւատրումներ բաժանվել: Իբրեւ թե կառավարությունն առաջին անգամ գործի է դրել պիլոտային ծրագիր, որի համաձայն՝ ՊՆ քաղաքական, հայեցողական եւ քաղծառայության պաշտոններ զբաղեցնողները պարգեւավճարներ կստանան 2025 թ. առաջին կիսամյակի համար սահմանված առաջնահերթությունների կատարողականի արդյունքներով։ Ըստ այդմ՝ դեկտեմբերին 4 մլն 800 հազարական դրամ պարգեւավճար են ստանալու Պնախարարի երեք տեղակալները, 2 մլն 600 հազարական դրամ՝ նախարարի երկու խորհրդականները, վարչությունների պետերը, մամուլի քարտուղարը, քարտուղարության պետը, ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի պետն ու եւս մի քանի հոգի։ Միայն այս խմբի պարգեւավճարի ընդհանուր գումարը կկազմի 146 մլն 296 հազար դրամ։ Նրանցից քիչ պակաս կստանան վարչության պետերի տեղակալներն ու բաժինների պետերը՝ մոտ 50 հոգի։ Նրանք էլ կպարգեւատրվեն 1 մլն 200 հազարական դրամով։
Ի տարբերություն վերնախավի՝ քաղծառայողները կպարգեւատրվեն 62-145 հազար դրամով։ Բացի պարգեւավճարը, պաշտպանության նախարարությունում աշխատող քաղծառայողները մեկ դրույքաչափ էլ 13-րդ աշխատավարձ կստանան՝ 600-700 հազար դրամ։ Միլիոնների պարգեւավճարը ՊՆ-ում համարում են նախընտրական շրջանի օրինականացված ընտրակաշառք։
Պաշտպանության նախարարության լրատվության վարչության նախկին պետերից մեկին հարցրինք՝ իր պաշտոնավարման վեց տարիների ընթացքում ինչպե՞ս է եղել պարգեւատրումների հարցը, ինչքա՞ն բոնուս են ստացել տարեվերջին, իր ստացած ամենաշատ պարգեւավճարը որքա՞ն է կազմել: «Նախ, ասեմ Ձեզ, որ ամեն տարի էլ եղել է այդ պարգեւավճար ասվածը: Էդ որ իրենք էդպես ներկայացնում են, թե իբրեւ նոր բան է, էդպես չէ: Բայց ամենամեծ պարգեւավճարը, որ եղել է, եղել է 13-րդ աշխատավարձը, այդքան բան: Այն չի գերազանցել աշխատավարձի չափը: Ենթադրենք, եթե աշխատավարձի չափը կազմում է 370 հազար դրամ, այդքան էլ պարգեւավճար ենք ստացել, միլիոնների երբեք չի հասել այն: Մեր ժամանակ նման կարգի գումարների մասին խոսք անգամ չէր կարող լինել: Իսկ քաղծառայողների պարագայում կես տարին մեկ լինում էր հավելավճար, բայց այն ըստ օրենքի է: Ամանորին` ամեն տարի եղել է պարգեւավճար, սակայն ոչ ավելին, քան մեկ հաստիքի աշխատավարձի չափով»,- ասաց նա:
Զրուցել ենք նաեւ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի հետ: Նրան հարցրինք` որպես Ազգային ժողովի նախագահ, ամենամեծ պարգեւատրումը, որ ստացել է, որքա՞ն է կազմել, այժմ ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրը 3 միլիոն դրամ պարգեւավճար է ստանում, այսինքն` 6 հազար ԱՄՆ դոլարից ավելի, իսկ թոշակառուն Հայաստանում գոյատեւում է 30, 40, լավագույն դեպքում` 60 հազար դրամով: «Մենք ստանում էինք տարվա մեջ մեկ անգամ պարգեւատրում, բայց դա բոլորին չէր վերաբերում: Ստանում էր մի մասը` 200 հազար դրամի չափով: Մեր ժամանակվա պարգեւավճարներն անգամ 500 հազար դրամի չեն հասել, ինչի՞ մասին է խոսքը: 200-300 հազար դրամ` լավագույն դեպքում, այդ էլ՝ ոչ բոլորին: Տեխնիկական աշխատողներին տրամադրվում էր 13-րդ աշխատավարձ` մաքրուհիներ եւ այլն: Ես չեմ զարմանում, որ ՔՊ-ական իշխանությունը նման մեծ պարգեւավճարներ է ստանում, բոլորովին չեմ զարմանում: Բա ինչի՞ համար են իշխանության եկել, եկել են հենց դրա համար: Ունեն մեկ սրբություն` լավ ապրելը: Իրենք հասել են դրան եւ վայելում են կյանքը` ի հաշիվ պետության, բանակի եւ մեր հայրենիքի: Հաղթել են, ինչ ուզում են, անում են… նրանք դրա համար են իշխանության եկել: Վայելում են կյանքը, օգտվում են բոլոր բարիքներից եւ անկախ այն բանից, թե ինչ վիճակում է մեր երկրի անվտանգության համակարգը, բանակը, սահմանների վիճակը, նրանք մտածում են գեղեցիկ տոնածառի մասին, դրա վրա միլիարդներ են վատնում, որովհետեւ լավ գիտեն, որ ժողովրդին պետք է հաց ու խրախճանք: Այն դեռ Հին Հռոմից է եկել…. Եթե հացը քիչ է մեր պարագայում, ապա խրախճանքն արվում է կրկնակի դոզայով: Տոնածառներ, լույսեր, շամպայն: Այս ամենը խրախճանք է՝ ժանտախտի ժամանակ: Բոլոր նորմալ ազգերն այլ կերպ են ապրում: Անգամ ամենահզոր ու հարուստ երկրներում խրախճանքների վրա այդքան գումարներ չեն ծախսում: Մեր ժամանակ հանրային ճնշումը եւ առհասարակ մարդկանց մտածողությունն առաջին հերթին ազգային անվտանգությանն էր միտված: Եթե կար լրացուցիչ գումար, ապա այն պետք է հատկացվեր բանակին ու սպառազինությանը, այլ ոչ թե պրեմիաներին ու տոնածառներին»,- ասաց մեր զրուցակիցը:
Բայց, որպես արդարացում, ՔՊ-ականներն ասում են` այն ժամանակ թալանում էին, դրա համար մեծ պարգեւավճար չէին կարողանում վճարել, այժմ չկա թալան, այդ պատճառով մարդիկ օրինական ճանապարհով մեծ գումարներ են ստանում։ «Դրանք զառանցանքներ են, որոնք լսում ենք արդեն ութ տարի: Այո, մեր ժամանակ եղել են թալանչիներ, եւ այդ թալանչիներն այժմ իրենց կողքին են` կպած են իրենց: Այդ թալանչիները միշտ եղել են իշխանության մարդիկ: Ով էլ որ լինի իշխանություն, այդ թալանչիները նրանց կողքին են, ընտրակեղծարարներ, տասովչիկներ եւ այլն, հիմա բոլորն իրենց հետ են, իսկ ՔՊ-ն վայելում է նրանց բոլոր հնարավորությունները: Ընթերցողը կհասկանա, թե ես ում նկատի ունեմ»: