AZAL-ի ինքնաթիռի վթարի պատճառի վերաբերյալ եզրակացությունները կներկայացվեն վերջնական զեկույցում

Ակտաուի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի վթարը հետաքննող հանձնաժողովը հայտարարել է, որ միջադեպի պատճառների վերաբերյալ իր եզրակացությունները կներկայացվեն Ղազախստանի տրանսպորտի նախարարության կողմից հրապարակվելիք վերջնական զեկույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Միջադեպի պատճառների կամ նպաստող գործոնների, ինչպես նաև թռիչքի անվտանգության առաջարկությունների վերաբերյալ եզրակացությունները կներկայացվեն վերջնական զեկույցում»,- ասվում է Տրանսպորտի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Վթարի հետաքննության ավարտի ամսաթիվը կախված է բոլոր հանձնարարված ուսումնասիրությունների և աշխատանքների ավարտից, նշվում է հայտարարության մեջ։

Հանձնաժողովն սպասում է կենտրոնական սպասարկման համակարգչային կասետի ուսումնասիրության ավարտին և հակամարտության գոտիների վրայով կամ դրանց մոտ թռիչքների ռիսկերի գնահատման վերլուծության աշխատանքային խմբի զեկույցի պատրաստմանը։

Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը նշել է, որ հանձնաժողովի նպատակը «որևէ մեկի մեղքի կամ պատասխանատվության չափը որոշելը չէ»։

2025 թվականից Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները կտրուկ սրվել էին։ Առիթը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Azerbaijan Airlines-ի ուղևորատար ինքնաթիռի կործանումն էր, որն Ադրբեջանը կապում է ռուսական ՀՕՊ համակարգի գործողությունների հետ և պահանջում է ընդունել մեղքը։ Կործանված ինքնաթիռի հարցով Ադրբեջանը փաստաթղթեր է պատրաստում միջազգային արդարադատության համակարգ դիմելու համար։

Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռում կար 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիներ։ Ինքնաթիռի կործանման հետևանքով 37 մարդ զոհվել էր։

Leave a Comment