Օրենքով կարգելվի օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը, հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել էր ԲՏԱՆ կողմից ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։
Հայրապետյանը նշել է, որ օրենքով կարգելվի սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու, բռնություն և դաժանություն քարոզելու կամ նման նպատակ հետապնդող բովանդակության տարածումը։
«Նախագծի ընդունմամբ կկանխվեն երկիմաստ մեկնաբանությունները և կապահովվի կանխատեսելի իրավական միջավայր ոլորտում գործող սուբյեկտների համար։ Կսահմանվեն հավասար մրցակցային պայմաններ՝ ապահովելով արդար մրցակցություն, բացառելով մենաշնորհային դիրքի չարաշահումները և նվազեցնելով շուկայում անհավասար պայմանների առաջացման ռիսկերը»,- գրել է Հայրապետյանը։
Կառավարությունը դեկտեմբերի 25-ի նիստում հավանություն էր տվել Հայ Առաքելական եկեղեցու հիմնադրած «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը («Շողակաթ» հեռուստաընկերություն-խմբ.) լուծարելու նախագծին։
