25 դեկտեմբերի 2025 – 17:58 AMT
PanARMENIAN.Net – 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.3 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նախնական տվյալները հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Ամենաբարձր աճը գրանցվել է շինարարության ոլորտում՝ 20.1 %, ծառայությունների ծավալն աճել է 10.9 %-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3.6 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 3 %-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 0.5 %-ով, հայտնում է Panorama.am-ը։
Արտաքին առևտրաշրջանառությունը շարունակել է նվազել։ Հունվար-նոյեմբեր ամիսներին նվազումը կազմել է 33.2 %։ Արտահանումը նվազել է 40.6 %-ով, ներմուծումը՝ 27.4 %-ով։
Նոյեմբեր ամսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ՏԱՑ-ն աճել է 10.4 %-ով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ կառավարության ներկայիս գնահատականներով տնտեսական աճը տարվա արդյունքներով առնվազն 6 տոկոս կկազմի, թեև, ըստ նրա, կան գործընկերներ, ովքեր չեն բացառում, որ աճը կարող է լինել նաև ավելի բարձր։