25 դեկտեմբերի 2025 – 17:16 AMT
PanARMENIAN.Net – «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով մետրոյի «Աջափնյակ» կայարանի շուրջ ստեղծված վիճակին, նշել է, որ «այս իշխանությունը չի կարողանում մեծ ենթակառուցվածքային պրոեկտներ իրականացնել»։
«Մետրոյի «Աջափնյակ» կայանը էլի փոզմիշ եղավ։ Եկեք արձանագրենք, որ այս իշխանությունը (նախկինն էլ) չի կարողանում մեծ ենթակառուցվածքային պրոեկտներ իրականացնել:
17 ջրամբարներից 1-ը կառուցվեց։ Հյուսիս-Հարավի Երևանի (Մալաթիա-Սեբաստիայի) հատվածն ավարտելը գրվեց սառույցին։ Հայ-վրացական բարձրավոլտը 10+ տարի է տեղում է դոփում։ Զովունիից Թբիլիսյան կամուրջի մասին արդեն մոռացանք։ Նոր ատոմակայանի մասին էլ 3 տարի է միայն խոսում ենք։
Ու նույնը, վախենամ, մեզ սպասում է TRIPP-ի կոնտեքստում. Ադրբեջանն իր մասը կառուցելու է, իսկ մենք դեռ սկսած էլ չենք լինի ու կազուս բելլի ենք ստանալու»,-գրել է նա։
Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար նախատեսված ֆինանսական միջոցների մի մասն օգտագործվել է 45 նոր տրոլեյբուսի ձեռքբերման նպատակով։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու նիստում ասել է, որ «Աջափնյակ» կայարանի նախագիծը մեր նորանկախ շրջանի ամենաբարդ ենթակառուցվածքային նախաձեռնություններից է և դասվում է 5-րդ ռիսկայնության կարգում։ Ըստ նրա՝ միայն դրա փորձաքննությունը տևել է մոտ մեկ տարի։ Ավինյանը պարզաբանել է, որ 2025-մետրոյի կայարանի համար հատկացված միջոցների զգալի մասը ուղղվել է տրանսպորտային ոլորտի արդիականացմանը՝ մասնավորապես՝ 45 նոր 12 մետրանոց տրոլեյբուսի գնմանը։