Հանցավոր «զանգերի կենտրոն» է բացահայտվել․ Առգրավվել է մոտ $80,000

Հանցավոր «զանգերի կենտրոն» է բացահայտվել․ Առգրավվել է  մոտ $80,000

25 դեկտեմբերի 2025 – 15:56 AMT

PanARMENIAN.Net – Քննչական կոմիտեն հայտարարել է, որ բացահայտվել է նոր «զանգերի կենտրոն», որի գործունեության շրջանակում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գումար։

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում, Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա, դեկտեմբերի 12-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում, հանցավոր կազմակերպության կողմից տիրապետվող և կազմակերպության կարիքների համար ծառայող «զանգերի կենտրոնում», ինչպես նաև կազմակերպությունում գործունեություն ծավալած անձանցից մեկի բնակարանում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության ծառայողների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է առերևույթ հանցավոր ճանապարհով ստացված մոտ 80 հազար ԱՄՆ դոլարը գերազանցող գումար։

Բացի դրամական միջոցներից, առգրավվել են ոսկյա զարդեր, համակարգիչներ, տվյալների կրիչներ, աշխատանքային բջջային հեռախոսներ՝ տեսախցիկների հատվածները տեխնիկական միջամտությամբ փակված վիճակում, բազմաթիվ վիրտուալ հեռախոսահամարների ցանկեր, զանգերի սցենարներ, զոհերի հետ իրականացված տարբեր մեսինջերային նամակագրություններ, ինչպես նաև զոհերի անձնագրերի լուսանկարներ և այլ անձնական տվյալներ։

Նախաքննության ընթացքում առգրավվել են նաև հափշտակությունների չափերի վերաբերյալ կազմված թվային հաշվետվություններ, կազմակերպության անդամների դերաբաշխման աղյուսակներ, ինչպես նաև հարյուրավոր կրիպտոդրամապանակների գաղտնաբառեր, հաշիվներ և փոխանցումների մանրամասներ։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվել է՝ հանցավոր կազմակերպության ղեկավարների և անդամների ինքնությունը պարզելու, ինչպես նաև նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment