Վերանայել է զինվորական պիտանիության հիվանդությունների ցանկը

Վերանայել է զինվորական պիտանիության հիվանդությունների ցանկը

25 դեկտեմբերի 2025 – 14:40 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ կառավարությունը վերանայել է զինվորական պիտանիության ցուցակը` փոփոխություններ կատարելով 2018 թվականին ընդունված այն որոշման մեջ, որով սահմանվում է՝ «բ»ինչ հիվանդությունների դեպքում«/բ» է քաղաքացին կամ զինծառայողը համարվում պիտանի, ժամանակավորապես ոչ պիտանի կամ ոչ պիտանի զինվորական ծառայության համար։

ՀՀ պաշտպանության նախարարության գնահատմամբ՝ փոփոխությունների հիմնական նպատակը եղել է բացառել այն իրավիճակները, երբ առողջությանը լուրջ վտանգ չներկայացնող կամ բուժում չպահանջող խնդիրների պատճառով քաղաքացիները ազատվել են ծառայությունից կամ ստացել են տարկետում, հայտնում է Sputnik Արմենիան։

Կառավարության որոշմամբ այսուհետ առանց ախտանիշների ընթացող և բժշկական միջամտություն չպահանջող առողջական խնդիրները պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմք չեն հանդիսանա։

Փոփոխություններով նախատեսվել է ցանկում ներառել մի շարք հիվանդություններ, որոնք նախկինում հստակ կարգավորված չեն եղել։ Օրինակ՝ գլխուղեղի կամ ողնուղեղի վենոզ անգիոմաները գործնականում գնահատվել են որպես բարձր ռիսկային, ինչի հետևանքով անձինք ճանաչվել են ոչ պիտանի, սակայն դրանք հստակ ձևակերպված չեն եղել ցանկում։ Այժմ առաջարկվել է դրանք ներառել առանձին հոդվածով՝ սահմանելով բժշկական փորձաքննության հստակ կարգ։

Միաժամանակ վերանայվել է մոտեցումը գլխուղեղի որոշ մեծ չափերի կիստաների նկատմամբ։ Նույնիսկ այն դեպքերում, երբ նման կիստաները չեն առաջացրել արտահայտված ախտանշաններ, դրանք կարող են սեղմել ուղեղային հյուսվածքները և ունենալ բարձր ռիսկայնություն, ինչի պատճառով առաջարկվել է նման քաղաքացիներին չճանաչել լիովին պիտանի։

Փոփոխությունները վերաբերել են նաև վահանաձև գեղձի թերֆունկցիայի այն դեպքերին, որոնք ունեցել են բարենպաստ ընթացք, չեն պահանջել բուժում և դրսևորվել են միայն լաբորատոր շեղումներով։ Նման քաղաքացիները կկարողանան ծառայել սահմանափակ ռեժիմով՝ առանց տարկետում կամ ծառայությունից ազատում ստանալու, ինչը կլուծի տարիներով առկա փորձաքննական հակասությունները։

Նույն տրամաբանությամբ է վերանայվում արյան համակարգի որոշ ժառանգական հիվանդությունների, մասնավորապես ալֆա և բետա թալասեմիայի հետերոզիգոտ ձևերի մոտեցումը։ Եթե այդ հիվանդությունները չունեն կլինիկական դրսևորումներ և չեն խանգարում օրգանիզմի աշխատանքին, ապա քաղաքացիները կճանաչվեն պիտանի ծառայության համար՝ որոշ սահմանափակումներով։

Փոփոխությունների փաթեթում ներառվել են նաև սրտի զարգացման փոքր անոմալիաները, որոնք հաճախ հայտնաբերվում են պատահականորեն բժշկական զննման ընթացքում և չեն պահանջում բուժում։ Այդ դեպքերում ևս առաջարկվել է թույլատրել ծառայությունը՝ առանց ազատման։

Վերանայվել է նաև ստոծանու ճողվածքների հարցը։ Եթե քաղաքացին հրաժարվել է վիրահատությունից, սակայն չի ունեցել բարդություններ կամ ռեֆլյուքսային խնդիրներ, ապա առաջարկվել է նրան ճանաչել պիտանի ծառայության համար՝ համապատասխան հոդվածի շրջանակում։

Փոփոխություններ են նախատեսվում նաև ողնաշարի հեմանգիոմաների և այլ բարորակ գոյացությունների դեպքում։ Եթե դրանք չեն առաջացնում գործառութային խանգարումներ, ագրեսիվ չեն և չեն զբաղեցնում ողի մեծ մասը, ապա չեն կարող ծառայությունից ազատման հիմք հանդիսանալ։

Կառավարության պարզաբանմամբ՝ այս փոփոխությունները հիմնված են միջազգային բժշկական ուղեցույցների, մասնագիտական հրապարակումների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ և պարտադիր զինվորական ծառայություն ունեցող երկրների փորձի վրա։ Նման մոտեցումներ կիրառվել են, օրինակ, Իսրայելում և Ավստրիայում։

Ակնկալվում է, որ նոր կարգավորումների արդյունքում կնվազեն բուժման նպատակով տրվող տարկետումները, կաճի զորակոչիկների թիվը և միաժամանակ կկանխվի պետական միջոցների անհարկի վատնումը։

2026–ի հունվարի 1–ից պարտադիր զինվորական ծառայությունը կտևի 1․5 տարի նախկին 2–ի փոխարեն։

Leave a Comment