Արցախից տեղահանվածների համար կգործի ինքնազբաղվածության ծրագիր

Արցախից տեղահանվածների համար կգործի ինքնազբաղվածության ծրագիր

25 դեկտեմբերի 2025 – 13:52 AMT

PanARMENIAN.Net – Կառավարությունը նիստում ընդունել է «Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիրը» հաստատելու մասին որոշումը։ Այն ներառված էր չզեկուցվող նախագծերի շարքում։

Նախագծով առաջարկվում է ինքնազբաղվածության խթանման ծրագիր իրականացնել Ղարաբաղից տեղահանված անձանց համար՝ նրանց տնտեսական կայունացմանը, արտագաղթի ռիսկի նվազեցմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը նպաստելու նպատակով։

Ծրագրով նախատեսվում է բիզնես ուսուցում և մինչև 12 ամիս ուղեկցում, ինչպես նաև գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհների տրամադրում մինչև 2 միլիոն դրամի չափով։

Կառավարության գնահատմամբ՝ ծրագրի իրականացմամբ մոտ 200 տեղահանված անձի կընձեռնվի ինքնազբաղվածության հնարավորություն։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան:

Leave a Comment