Փաշինյան. Խնդրում ենք հունվարի 1–ից առողջապահական հիմնարկները չգրոհել

Փաշինյան. Խնդրում ենք հունվարի 1–ից առողջապահական հիմնարկները չգրոհել

25 դեկտեմբերի 2025 – 14:03 AMT

PanARMENIAN.Net – Կառավարության նիստում ընդունվել է առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթում ներառված բժշկական ծառայությունների ցանկը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ նույն որոշմամբ սահմանվել են նաև բժշկական ծառայությունների փոխհատուցման կարգերը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով փաթեթի ընդունմանը, խնդրել է հունվարի 1–ից չգրոհել առողջապահական հիմնարկները։

«Սիրելի 1 մլն 600 հազար հայրենակիցներ, խնդրում ենք 2026 թ. հունվարի 1–ից առողջապահական հիմնարկները չգրոհել»,– ասել է նա։

Նա հորդորել է հաշվի առնել համակարգի աստիճանական զարգացման անհրաժեշտությունը՝ համեմատություն անելով «Mercedes-Benz S 600» մակնիշի մեքենայի հետ։ Նա նշել է, որ նման մակարդակի համակարգ կառուցելու համար նախ անհրաժեշտ է ունենալ առնվազն «Զապորոժեցի» մակարդակի փորձ։

Նիստում ընդունվել է նաև որոշում ապահովագրության հիմնադրամի ստեղծման մասին, որը 2 ամսվա ընթացքում կսկսի լիարժեք գործել։

Որոշմամբ սահմանվել է նաև դեղորայքի ցանկը, որը արդեն հրապարակվել է «Արմեդ» համակարգում։

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործելու է հունվարի 1–ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարին լրացած մեծահասակները։ Այս խմբի համար 2026 թվականին գործելու է պետական 100 տոկոսանոց աջակցություն։

Leave a Comment