Կալանավորվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող 5 անձ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Գերատեսչությունից մանրամասնում են, որ այդ անձինք են «Աֆո» մականվամբ հայտնի Ռ.Պ.-ն, «Մասիվցի Ժիրո» մականվամբ հայտնի Պ.Գ.-ն, «Արտաշատցի Կիկոս» մականվամբ հայտնի Գ.Հ.-ն, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ Ա.Հ.-ն և Վ.Բ.-ն:
Նշվում է, որ վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ Ռ.Պ.-ն ղեկավարել է քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորում: Հիշյալ ապօրինի գործընթացի ընթացքում Ռ.Պ.-ն իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին տվել է հանձնարարություններ, իրականացրել քրեական պարզաբանումներ՝ խմբի կազմում ընդգրկելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Գ.Հ.-ին:
