Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Երևան քաղաքի խցանումներին ու ծանրաբեռնվածությանը
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Երևան քաղաքի խցանումներին ու ծանրաբեռնվածությանը և հայտարարել, որ հարցը լուծելու համար պետք է գնալ սահմանափակումների ճանապարհով։
Ի պատասխան այն դիտարկմանը, թե քաղաքում ներդրված կարմիր գծերի քաղաքականությունը պետք է նպաստեր ավտոմեքենաների կայանումների բեռնաթափմանը, նա հայտնել է, որ միայն Երևան տարեկան 10 հազար և ավելի ավտոմեքենա է մտնում, և չկա այնպիսի ռազմավարական, ճանապարհաշինական ծրագիր, որը թույլ կտա թոթափել այդ խցանումները։
«Եթե մենք 2023թ.-ին այդ որոշումները (կարմիր գծերի վերաբերյալ խմբ.) չկայացնեինք, ավելի վատ իրավիճակում կհայտնվեինք։ Սրանք նորմալ, տրամաբանական, գիտական հենքի վրա կայացված որոշումներ են։ Այս որոշումները կայացրել է և՛ Փարիզը, և՛ Նյու Յորքը, և՛ Տոկիոն, և՛ Մոսկվան և՛ բոլոր զարգացած քաղաքները», – ասել է քաղաքապետը։
Նրա խոսքով, իրենք գնում են իրենց 2023 թ.-ի ծրագրի ուղղությամբ, պարզապես մարդիկ ավելի շատ ավտոմեքենա են գնում, քան սպասվում էր։
«Նոր սահմանափակումները փոխկապակցված են լինելու հանրային տրանսպորտի բարեփոխումների կարևորագույն հատվածների հետ, մասնավորապես՝ նոր ավտոբուսների, 18 մետրանոց ավտոբուսների և նոր տրոլեյբուսների, նոր ավտոբուսային առանձնացված գծերի հետ, որովհետև ավտոբուսային գիծն ինքն իրենով սահմանափակում է արդեն», – նշել է Ավինյանը։
Քաղաքապետի խոսքով, 1 ավտոբոսի մեջ լինում է նույնքան մարդ, որքան 60 մարդատար ավտոմեքենայի, և խոր վերլուծություն պետք չէ՝ հասկանալու համար, որ հանրային տրանսպորտը պետք է ավելացնել և ավտոմեքենաների սահմանափակումները նույնպես պետք է ավելանան։