ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Սիրելի 1 միլիոն 600 հազար հայրենակիցներ, խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1–ից առողջապահական հիմնարկները չգրոհել։
Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով առողջության ապահովագրության փաթեթին։
Վարչապետի խոսքով՝ այսօր տեխնիկան այնքան է զարգացել, որ յուրաքանչյուր մարդ հետազոտություն անցնելու դեպքում անպայման կգտնվի մի բան բան, որը պետք է բուժել և մեր առողջության ապահովագրության համակարգը հենց դրա մասին է։
«Ուստի, պետք չէ հունվարի 1–ից գրոհ ձեռնարկել առողջապահական համակարգի վրա, որովհետև ոչ բժշկական կենտրոններն են փախչելու, ոչ կառավարությունն է փախչելու, ոչ պոլիկլինիկաներն են փախչելու և պետք է այն կառավարել», – ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ պետք է հասկանալ, որ առողջության ապահովագրության համակարգը կառավարման անհրաժեշտություն ունի և համակարգը գնահատելու է, թե երբ է պետք կատարել մարդու վիրահատությունը և եթե 3 ամիս հետո անելու դեպքում առողջությանը անվերականգնելի վնաս չի պատճառվի, այդ վիրահատությունը կկատարվի ոչ թե այսօր, այլ 3 ամիս հետո։
«Կան ուրիշ մարդիկ, որոնց վիրահատությունն այսօր չանելը իրենց առողջության համար կառաջացնի անվերականգնելի հետևանքներ, հետևաբար, շատ կարևոր է, որ հանրությունը նույնպես նոր ձևավորվող համակարգի նկատմամբ ունենա նույն վերաբերմունքը», – ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ համակարգը քաղաքացունն է, ոչ թե կառավարությանը, հետևաբար, պետք է ձևավորվի նաև որոշակի ըմբռնում։
ՀՀ–ում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի մասին
2026 թվականին՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին անցնելու առաջին փուլում (2026-2028), ապահովագրված կլինի 1.7 միլիոն ՀՀ բնակիչ։ Նրանց թվում են 18 տարեկանից փոքր և 65 տարեկանից բարձր անձինք, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք և սոցիալական նպաստներ ստացողները։ Այս անձանց համար պետությունը կծածկի ծախսերի 100%-ը։ Այս համակարգը կներառի նաև 190,000 աշխատող քաղաքացու, որոնց ամսական եկամուտը գերազանցում է 200,000 դրամը։ Առողջության ապահովագրության փաթեթի արժեքը կկազմի տարեկան 129,600 դրամ, որը կվճարվի ամսական։
Ապահովագրությունը կծածկի ամենապահանջված ծառայությունները, այդ թվում՝ ամբուլատոր բուժօգնությունը, կլինիկա այցելությունները, ընտանեկան բժշկի այցելությունները, մասնագետների խորհրդատվությունները և տարեկան որոշակի քանակությամբ լաբորատոր հետազոտություններ։ Ծառայությունների ցանկը կընդլայնվի և կհստակեցվի՝ ներառելով որոշակի վիրաբուժական միջամտություններ, այդ թվում՝ ակնաբուժական (կատարկտ), սրտանոթային և այլն։
2026 թվականի բյուջեով առողջության ապահովագրության համակարգի ներդրման համար հատկացված է 127 միլիարդ դրամ։