Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կոչով Սուրբ Ծննդին և Ամանորին Թուրքիայում ահաբեկչություններ ծրագրելու մեջ կասկածվող 137 մարդու ձերբակալման օրդեր է տվել, 115 մարդ արդեն ձերբակալվել է: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստին»:
Կասկածյալներին ձերբակալել են այն բանից հետո, երբ Ստամբուլի գլխավոր դատախազության հակաահաբեկչական բյուրոն տեղեկություն է ստացել կաթոլիկ աշխարհի Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ ահաբեկչություններ նախապատրաստելու մասին՝ ի պատասխան ԻՊ-ի կոչերի: Մի շարք ձերբակալվածներ «հակամարտությունների գոտիներում» կապ են պահպանել զինյալների հետ:
«124 հասցեներում բնակվող 137 կասկածյալների նկատմամբ ձերբակալման օրդերներ են տրվել ահաբեկչության մեղադրանքով, այդ թվում՝ միջազգային մակարդակով։ 115 կասկածյալ ձերբակալվել է, մյուսներին ձերբակալելու ջանքերը շարունակվում են», – ասված է դատախազության մամուլի հաղորդագրության մեջ:
