25 դեկտեմբերի 2025 – 11:10 AMT
PanARMENIAN.Net – ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական–քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը մեղավոր է ճանաչվել, սակայն կմնա ազատության մեջ: Հակոբյանի փաստաբան Գրիգոր Մղդեսյանը հայտնել է, որ դատարանը որպես պատիժ սահմանել է 2 մլն 700 հազար դրամի չափով տուգանք, գրում է Sputnik Արմենիան։
«Դատավճիռը բողոքարկելու ենք։ Մենք ամբողջ դատավարության ընթացքում պնդում էինք և այժմ էլ պնդում ենք, որ մեղադրական վերդիկտով սահմանափակվել է քաղաքական, քննադատական խոսքը, ինչը տեղ չունի ժողովրդավարական հասարակության մեջ։ Այդ իսկ պատճառով, առավել ևս քաղաքական գործիչների դեպքում, պետությունը պետք է ավելի հանդուրժող լինի և թույլ տա նրանց իրենց ընդդիմախոսներին առավել սուր քննադատել, քանի որ ժողովրդավարության հիմունքները հենց դրա համար են»,– ընդգծել է նա։
Նշվում է, որ Ռուբեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն հիմքով, որ նա, երկար տարիներ հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և ունենալով իրական ազդեցություն անձանց լայն շրջանակի վրա, ներքաղաքական հարցերի շուրջ չհամաձայնելով ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով՝ Հ2 հեռուստատեսության յութուբյան ալիքի «Խոսքի իրավունք» հաղորդաշարին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ։
Ռուբեն Հակոբյանը 2025–ի հուլիսի 19–ին կալանավորվել էր «իշխանությունը զավթելու կոչի համար»։ Օգոստոսի 27–ին դատարանը վերացրել էր նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը։
Հուլիսի 22-ին նա կալանավայրից նամակ է հղել՝ հայտարարելով, որ չի զղջում հեռուստահաղորդման ընթացքում տված իր քաղաքական գնահատականների և հայտարարությունների համար, որոնց պատճառով էլ նա զրկվել է ազատությունից։