ՌԴ Տեմրյուկի նավահանգստում նավթամթերքով պահեստարաններ են հրդեհվել

Քաղաքականություն

25.12.2025 | 11:37

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկի նավահանգստում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո երկու նավթի պահեստարաններ են հրդեհվել, հայտնել է տարածաշրջանի օպերատիվ շտաբը, գրում է Meduza-ն։

Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։ Հրդեհն ընդգրկում է շուրջ 2 հազար քառակուսի մետր տարածք։

Բացի այդ, հարձակման հետևանքով վնասվել են Կրասնոդարի երկրամասի Շչերբինովսկի շրջանի Նիկոլաևկա գյուղի գյուղատնտեսական ձեռնարկության շենքերն ու սարքավորումները: Տուժածներ չկան:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դեկտեմբերի լույս 25-ի գիշերը ՀՕՊ ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 141 անօդաչու թռչող սարք։ Ամենաշատ անօդաչուները (62) ոչնչացվել են Բրյանսկի մարզում։ Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև այլ սահմանային շրջանների, ինչպես նաև Տուլայի, Կալուգայի, Մոսկվայի, Վոլգոգրադի և Վորոնեժի մարզերի, Ադիգեայի Հանրապետության և Ղրիմի վրա։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ դեկտեմբերի 24-ի երեկոյից ի վեր մայրաքաղաքին մոտենալիս ոչնչացվել է առնվազն ինը անօդաչու թռչող սարք։ Տուժածների թիվը և հարձակումների հետևանքները հայտնի չեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment