Նոր տրոլեյբուսները Երևան կհասնեն ապրիլ-մայիսին

Նոր տրոլեյբուսները Երևան կհասնեն ապրիլ-մայիսին

25 դեկտեմբերի 2025 – 11:27 AMT

PanARMENIAN.Net – Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ նոր տրոլեյբուսները մայրաքաղաք կհասնեն գարնանը, իսկ մետրոյի նոր կայարանի նախագծի հետ կապված գործընթացները ձգձգվել են։

Նա նշել է, որ մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ է տևել, ինչի պատճառով այս տարի նախատեսված հիմնական ֆինանսական միջոցները ամբողջությամբ չի հաջողվել օգտագործել, ուստի՝ գումարն ուղղվել է տրոլեյբուսների գնմանը։

«Տրամաբանական է, որ չծախսված գումարը տրամադրել ենք 45 հատ 12 մետրանոց տրոլեյբուսի գնմանը, որոնք կտեսնենք ապրիլ-մայիսին»,- ընդգծել է քաղաքապետը։

Անդրադառնալով կանգառների բարեկարգման գործընթացին՝ Տիգրան Ավինյանը ընդգծել է, որ արդեն 40-42 կանգառասրահում տեղադրվել են էկրաններ, որոնց միջոցով ցուցադրվում են ավտոբուսների ժամանման ժամանակացույցը, և հավելել է, որ այդ աշխատանքները շարունակական ենլինելու են։

Սեպտեմբերի 18–ին Ավինյանը հայտարարել էր, որ «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագիրը անցել է բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները, և շինարարական աշխատանքները կարող են սկսվել 2026-ին։ Երևանի մետրոյի զարգացման ու նոր կայարանի կառուցման նախագիծ մշակելու մասին քաղաքապետարանը հայտարարել է դեռևս 2018–ին։

Leave a Comment