Իշխանությունը կեղծ հիբրիդային պատերազմի վտանգի ներքո եվրոպական կառույցներին քարտ բլանշ է տալիս` այնպիսի ներգործություն ապահովելու ՀՀ-ում, որը լրջորեն վտանգում է երկրի ներքին կայունությունն ու ինքնիշխանությունը, ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Իշխանությունը պետք է հստակ ասի, թե ովքե՞ր են Հայաստանում հիբրիդային պատերազմ վարում, ում և ինչ միջոցներով», – շեշտել է պատգամավորը:
Ըստ նրա, սակայն, իշխանությունը դա չի ասի, քանի որ «դա մտացածին եզրույթ է», որի նպատակն իշխանության կողմից բռնության, ապօրինության և զոռբայության արդարացումն է:
Ավելին, ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ եթե ՀՀ-ում կա միավոր, ով պատերազմ է վարում սեփական ժողովրդի ներսում, »ապա դա միայն փաշինյանական ռեժիմն է»:
«Այն էլ` ոչ թե հիբրիդային, այլ դասական պատերազմի կանոններով», – հավելել է Աբրահամյանը:
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը դեկտեմբերի 15-ին հայտնել էր, որ Երևանը Բրյուսելից աջակցություն է խնդրել երկրում 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ կարծիք էր հայտնել, որ Հայաստանի նկատմամբ հնարավոր են հիբրիդային հարձակումներ՝ վտանգի տակ դնելով ժողովրդավարությունը:
