«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը գրանցել է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի և Սասուն Միքայելյանի թեկնածությունը նախընտրական ցուցակում, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ նրանց թեկնածությունը գրանցվել է երեկ՝ դեկտեմբերի 24-ին։
Լրատվականի տեղեկությամբ՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտը ներկայացրել է անկուսակցականի կարգավիճակում և պետք է 1,5 միլիոն դրամ վճարի: Նրան երաշխավորել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որը անկուսակցականների դեպքում պարտադիր պայման է։
20 հոգանոց վարչությունից որեևէ մեկը հարց չի տվել Միքայելյանին, միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հետաքրքրվել, թե եթե պետք լինի, կհրաժարվի՞ մանդատից: Միքայելյանը պատասխանել է՝ կհրաժարվի։
Դեկտեմբերի 10-ին մամուլը գրել էր, որ ՔՊ-ն պատգամավորության թեկնածու առաջադրվածներին մանրակրկիտ քննում է, որ հասկանա՝ դուրս թողնե՞լ մրցակցությունից, թե՞ հնարավորություն տալ մասնակցել ընտրություններին։ Մամուլն ավելի վաղ գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նախասիրությունների ու հաշվարկների պատճառով դժվարին կացության առաջ է կանգնել, ուղիներ է որոնում՝ ինչպե՞ս անել, որ ձևավորի ՔՊ-ի՝ իր համար ցանկալի նախընտրական ցուցակն առանց օրենքի շրջանցման:
