25 դեկտեմբերի 2025 – 10:59 AMT
PanARMENIAN.Net – «Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այդ մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
ԱԳՆ-ն պարզաբանել է, որ Հայաստանը ԱՄՆ գործընկերների հետ արդեն ինտենսիվ բանակցություններ է վարել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրավական շրջանակի և կարգավորումների ձևավորման շուրջ։
«TRIPP Company»-ն՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, կգրանցվի Հայաստանում և կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք»,– հայտնել է գերատեսչությունը։
Հայաստանը «Թրամփի ուղի» նախագծի իրականացումն արդեն դիտարկել է որպես ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության բաղկացուցիչ մաս, որը լիովին համադրելի է տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված խոշոր ենթակառուցվածքային ծրագրերին, ներառյալ Միջին միջանցքը և Պարսից ծոց-Սև ծով նախաձեռնությունները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով՝ Սյունիքի մարզով, ռազմավարական տարանցիկ ճանապարհի ստեղծում, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան։
Միևնույն ժամանակ նշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ արդեն նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարել է, թե ՀՀ-ն ոչ թե 99 տարով հողն է վարձակալության տվել ամերիկյան կողմին, այլ տրամադրել է կառուցապատման իրավունք։