Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները կշարունակվեն հունվարին․ Մակրոն

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները կշարունակվեն հունվարին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո, որտեղ քննարկվել են «կամավորների կոալիցիայի» արդյունքները:

«Հունվարից Փարիզում մենք կշարունակենք այս աշխատանքը՝ Ուկրաինային հուսալի անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար, ինչը երկարատև և կայուն խաղաղության նախապայման է», – գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում:

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ Կիևը կարող է հույս դնել «անսասան աջակցության վրա հիմա և ապագայում»:

«Կամավորների կոալիցիան» ավելի քան 30 երկրների միավորում է, հիմնականում եվրոպական, որոնք պատրաստ են մասնակցել Ուկրաինայում հնարավոր խաղաղապահ առաքելությանը։

Կոալիցիայի անդամ երկրների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 11-ին։ Նրանք քննարկել էին հակամարտության ավարտից հետո Ուկրաինային տրամադրվելիք անվտանգության երաշխիքները։

Դեկտեմբերի 24-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել էր խաղաղության ծրագրի 20 կետ, որոնք Կիևը քննարկում է Միացյալ Նահանգների հետ։ Ըստ դրա՝ ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և Եվրոպան Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կտրամադրեն ՆԱՏՕ-ի Հիմնական համաձայնագրի 5-րդ հոդվածի օրինակով։ Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա՝ կլինի ռազմական արձագանք և պատժամիջոցների վերականգնում։

Leave a Comment