
Միացյալ Նահանգները կարծում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը «մոտենում է», սակայն մի շարք հարցերի լուծումը դեռևս պահանջում է Մոսկվայի և Կիևի համաձայնությունը։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Օրակարգում ավելի քիչ հարցեր կան, քան երկու շաբաթ առաջ։ Եվ դա լավ նորություն է», – նշել է նա՝ անդրադառնալով կարգավորման խորհրդակցությունների ընթացքում լուծվելիք հարցերին։
«Դեռ կան հարցեր, որոնք պետք է լուծվեն այնպես, որ երկու կողմերն էլ կարողանան համաձայնության գալ։ Այնուամենայնիվ, մենք մոտ ենք», – հավելել է Ուիթաքերը։
Նրա խոսքով՝ Վաշինգթոնն ու Կիևը համաձայնության են եկել նաև անվտանգության երաշխիքներին վերաբերող հիմնական հարցերի շուրջ։
«Ի վերջո, ամեն ինչ կախված է տարածքի և դրա բաժանման հարցից՝ լինի դա ապառազմականացված գոտի, թե տնտեսական հնարավորությունների գոտի, քանի որ մենք մեծ մասամբ կարգավորել ենք անվտանգության երաշխիքները ուկրաինացիների հետ։ Կարծում եմ՝ Ռուսաստանը դրան դեմ չէ», – ասել է նա։
Տարածքային ասպեկտից բացի, նշել է Ուիթաքերը, հրադադարի և խաղաղության պահպանման հարցերը դեռևս պետք է լուծվեն։ «Ես կարծում եմ, որ մենք նաև լուծել ենք այս հարցերի մեծ մասը», – հավելեց դիվանագետը։