«Տաշիր» ընկերությունների խմբի կալանավորված նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանները Վճռաբեկ բողոքներ են ներկայացրել՝ Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 11-ի որոշման դեմ, որով մերժվել էին պաշտպանների և դատախազության կողմից ներկայացված բողոքները:
Կարապետյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը հայտնել է, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի համապատասխան կազմի դատավորների դեմ ներկայացվել է կարգապահական վարույթ հարուցելու կոնկրետ փաստերով հաղորդում:
«Վճռաբեկ դատարանի աբսուրդային գործողությունների վերաբերյալ մեր գնահատականները հստակ են և ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի դեպքում այն ընդհանրապես իրավունքի պաշտպանության մեխանիզմ չէ»,- նշել է փաստաբանը:
Վարդևանյանը հիշեցրել է, որ նոյեմբերի 18-ին Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով երկարաձգել էր Կարապետյանի կալանքը՝ հաշվի առնելով գործով «իտնեսիվությունը, քննիչների խոստումները գործողությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ»:
Փաստաբանը շեշտել է, որ մինչ օրս որևէ ինտենսիվություն, որևէ գործողություն առկա չէ Կարապետյանի մասնակցությամբ, «կա միայն վեց ամսից ավելի տևող ապօրինի, քաղաքական պատվերով հետապնդում՝ կալանք»:
