Հարևանի տանից խմիչք գողացած քաղաքացու տանը թմրամիջոց են հայտնաբերել

Հասարակություն

24.12.2025 | 17:30

Դեկտեմբերի 22-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ կոտրելով Դդմաշեն գյուղում գտնվող իր տան պատուհանի ճաղավանդակը՝ գողացել են խմիչք:

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ խոստովանել է արարքը:

«Ձերբակալելու ժամանակ քրեական ոստիկանները 61-ամյա տղամարդու տան տեսանելի հատվածում նկատել են պլաստմասսայե տարաներով կանեփանման դեղնականաչավուն զանգվածներ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ դդմաշենցու տանը հայտնաբերվել է 1198 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment