24 դեկտեմբերի 2025 – 17:19 AMT
PanARMENIAN.Net – Արագածոտնի թեմի հոգևոր առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավայրից հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով դեկտեմբերի 18-ին Էջմիածնում տեղի ունեցած իրադարձություններին և խստորեն դատապարտելով «ամոթալի ու սրբապիղծ արշավը Մայր Աթոռի դեմ»:
Ըստ նրա՝ կատարվածը պարզապես անհամաձայնություն կամ ներեկեղեցական տարաձայնություն չէ․ դա գիտակցված հարված էր մեր դարավոր հոգևոր ինքնության բաբախող սրտին, փորձ՝ խարխլելու այն հիմքը, որի վրա դարերով կանգուն է մնացել հայ ժողովուրդը։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միայն քարե կառույց, հոգևոր և վարչական կենտրոն չէ․ այն մեր հավատի կենդանի վեմն է, մեր հոգևոր ինքնության առանցքը, այն սրբավայրը, որի շուրջ համախմբված հայ ժողովուրդը դարեր շարունակ դիմակայել է բռնությանը, օտար լծին ու հավատաքանդ փորձություններին։ Այդ սրբության դեմ ձեռք բարձրացնելը ոչ թե քաջություն է, այլ հոգևոր ինքնասպանություն։
Այս տիրադավ ու տիրադրուժ խմբակի գործողությունների ճշգրիտ բնութագրումն է Երեմիա մարգարեի դատապարտող հետևյալ խոսքը. «Վա՜յ նրան, ով կառուցում է իր տունը, բայց ոչ արդարությամբ, և իր վերնահարկերը, բայց անիրավությամբ» (Երեմիա ԻԲ․ 13)։
Անիրավության վրա հիմնված ցանկացած քայլ դատապարտված է փլուզման, իսկ այդ ճանապարհն ընտրածները՝ պատմական խայտառակության։ Այս մարդիկ մոռացել կամ միտումնավոր ոտնահարել են այն իրողությունը, որ իրենք ոչ թե փողոցային ակտիվիստներ են և ոչ էլ իշխանական կամակատարներ, այլ Աստծու Սուրբ Խորանի առաջ հավատարմության երդում տված հոգևորականներ, որոնց կոչումն է պահպանել Եկեղեցու միասնությունը, այլ ոչ թե պառակտել այն։
Եսայի մարգարեի խոսքն այսօր նրանց համար հնչում է որպես դատավճիռ. «Վա՜յ նրանց, ովքեր չարը բարի կանվանեն և բարին՝ չար, ովքեր լույսը խավար կհամարեն և խավարը՝ լույս» (Եսայի Ե․20)։ Դեկտեմբերի 18-ին դուք հենց այդ ճանապարհն ընտրեցիք՝ խավարն անվանելով լույս, ապստամբությունը՝ բարեպաշտություն, իսկ հավատարմությունը՝ հանցանք։ Ձեր խոտոր, հակականոնական, անօրեն և արկածախնդիր վարքով դուք մոլորեցնում եք հավատացյալ ժողովրդին՝ գիտակցաբար ծառայելով այն ուժերին, որոնք մշտապես ձգտել են ներսից քանդել Հայ Եկեղեցին։
Երախտագիտությամբ ու զորակցությամբ ջերմորեն ողջունում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուխտապահ միաբանությանը՝ հավատարմություն պահած եպիսկոպոսներին ու վարդապետներին, քահանայից դասին, սարկավագներին և մեր հավատացյալ ժողովրդին, որոնք այս փորձության օրերին չլքեցին Մայր Եկեղեցին։ Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ և ազգընտիր Հայրապետին։ Պատմությունը կարձանագրի, թե ով կանգնեց սրբության կողքին, և ով՝ սրբության դեմ»,–ասվում է հայտարարության մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին հանգստի կոչելու պահանջով հավաքվելու կոչ արած 10 եպիսկոպոսները դեկտեմբերի 18–ին Էջմիածնում հանդես են եկել հայտարարությամբ և արագ հեռացել։ Միևնույն ժամանակ Մայր Տաճարի ներսում ընթանում էր ժամերգությունը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ։
«Սուրբ Էջմիածնի առջև ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր, ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր ու աներկյուղ։ Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երեկեղեցու պայծառության և մեր երկրի շինությանը»,–ասել է Գարեգին Բ–ն։