ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել հինգ ակտիվիստների նկատմամբ, որոնք փորձել են գրաքննություն իրականացնել ԱՄՆ-ում․ Ռուբիո


ԱՄՆ Պետդեպարտամենտը բացահայտել է այն հինգ ակտիվիստների անունները, որոնց մուտքը երկիր նախկինում արգելվել էր ամերիկյան հարթակներն ու խոսնակներին գրաքննության ենթարկելու փորձերի համար․ նրանք բոլորը Եվրոպական պետությունների քաղաքացիներ են։

Երեքշաբթի օրը ԱՄՆ-ը մուտքի արգելք է սահմանել հինգ ակտիվիստների համար՝ ամերիկյան հարթակներն ու խոսնակներին գրաքննության ենթարկելու փորձերի պատճառով, հայտնել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Մենք պատժամիջոցներ ենք կիրառել Տիերի Բրետոնի նկատմամբ, ով Թվային ծառայությունների մասին օրենքի հիմնական մշակողներից մեկն է: 2024 թվականի օգոստոսին, զբաղեցնելով ներքին շուկայի և թվային ծառայությունների հարցերով եվրոպական հանձնակատարի պաշտոնը, նա հրապարակել էր մի նամակ, որում, հղում անելով ԵՄ Թվային ծառայությունների մասին օրենքին, սպառնում էր Իլոն Մասկին՝ նախագահ (Դոնալդ)

 

Թրամփի հետ նրա առցանց հարցազրույցի նախօրեին», – X սոցիալական ցանցում գրել է հանրային դիվանագիտության հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Սառա Ռոջերսը:

Սահմանափակումներ են կիրառվել նաև բրիտանական «Թվային ատելության դեմ պայքարի կենտրոն» ոչ առևտրային կազմակերպության ղեկավար Իմրան Ահմեդի նկատմամբ՝ ամերիկյան «հակապատվաստումային» գործիչներին արգելափակելու նրա կոչերի համար, ներառյալ Ռոբերտ Քենեդի կրտսերին, ով այդ ժամանակից ի վեր դարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առողջապահության նախարարը, նշել է նա:

Ցուցակում են հայտնվել նաև գերմանական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներ Աննա-Լենա ֆոն Հոդենբերգը և Ժոզեֆինա Բալոնը, ինչպես նաև բրիտանական «Ապատեղեկատվության գլոբալ ինդեքսի» ղեկավար Քլեր Մելֆորդը, հայտնել է փոխպետքարտուղարը:

Թրամփի վարչակազմը բազմիցս քննադատել է ԵՄ իշխանություններին՝ ամերիկյան ընկերությունների և կարծիք ձևավորող առաջնորդների նկատմամբ գրաքննություն իրականացնելու փորձերի համար:

Թվային շուկաների մասին օրենքը (Digital Markets Act, DMA) ուժի մեջ է մտել 2022 թվականի նոյեմբերի 1-ին և ԵՄ-ում սկսել է կիրառվել 2023 թվականի մայիսից։ Այս օրենքը, ըստ հեղինակների մտահղացման, նպատակ ունի «թվային հատվածի շուկաները դարձնել ավելի արդար և մրցակցային», ինչպես նաև վերջնական օգտատերերին ընձեռել ընտրության ավելի մեծ հնարավորություն և ազատություն։ Եվրահանձնաժողովն ավելի ուշ մի շարք ընկերություններ, այդ թվում՝ Alphabet-ը, Amazon-ը, Apple-ը, ByteDance-ը, Meta-ն, Microsoft-ը և X ցանցը, սահմանել է որպես խոշորագույն առցանց հարթակներ։ Նման ընկերությունները հայտնվել են Եվրահանձնաժողովի ուղղակի վերահսկողության ներքո։



Leave a Comment