Հայտնի է Հայաստան ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերությունը – Armenia Today

Ադրբեջանական բենզինը Հայաստան ներմուծել են երկու ընկերություն՝ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն և «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն, Armenia Today-ին հայտնել են Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեից։

Նշենք, որ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն կառավարում է Ran Oil ավտալցակայանների ցանցը և պատկանում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Այս ընկերության մատակարարումների մասին հայտնի էր դարձել ավելի վաղ։

Երկրորդ ընկերությունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, 100%-ով պատկանում է Սամվել Վահագնի Մկրտչյանին։ Վերջինիս 50%-ով պատկանում է նաև «Էս-թրեյդ գրուպ» ՍՊԸ-ն։

Ավելի վաղ «Հետքը» գրավոր հարցմամբ ՊԵԿ-ին խնդրել էր տեղեկացնել, թե 2025 թվականի ամենաթարմ տվյալներով որ ընկերություններն են Հայաստան բենզին ներմուծել։ «Հետքի» տվյալներով՝ առաջին տասն ամիսների տվյալներով՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն այդ ցանկում չկա։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ ադրբեջանական նավթամթերքով լի 22 երկաթուղային վագոն է ժամանել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմաններն են, որ հնարավորություն են ստեղծել այդ առևտրի համար։

Ran Oil-ը դեկտեմբերի 23-ին սկսել էր ադրբեջանական բենզինի վաճառքը: «Մեգա Թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էր, որ ադրբեջանական վառելիքը վաճառվում է 430 դրամով՝ նախապես հայտարարված 440-ից ավելի էժան:

Leave a Comment