24 դեկտեմբերի 2025 – 16:27 AMT
PanARMENIAN.Net – Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը ՌԴ հետ, որն արդեն երկրորդ ամիսն է քննարկվում է ԱՄՆ, Ուկրաինայի և ՌԴ միջև։ Բացի դրանից կան նաև առանձին հավելումներ՝ տարբեր ուղղություններով, գրում է «ՌԲԿ-Ուկրաինան»։
Զելենսկին նշել է, որ պլանի կետերը պարունակում են հղումներ այլ հնարավոր փաստաթղթերի և մեխանիզմների։
Խաղաղության պլանից բացի, կա ևս 3 փաստաթուղթ․
եռակողմ փաստաթուղթ անվտանգության երաշխիքների վերաբերյալ՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև,
երկկողմ փաստաթուղթ՝ Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին,
Ուկրաինայի բարեկեցության ճանապարհային քարտեզ՝ ԱՄՆ-ի հետ համատեղ մշակված վերականգնման և տնտեսական զարգացման փաստաթուղթ՝ մինչև 2040 թվականը տեսլականով։
Խաղաղության պլանը հաստատում է Ուկրաինայի ինքնիշխանությունը, նախատեսում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև անվերապահ չհարձակման համաձայնագիր և շփման գծում մոնիթորինգի մեխանիզմի ստեղծում անվտանգության ամուր երաշխիքներ Ուկրաինայի համար,։
Ուկրաինայի ԶՈւ թվաքանակը խաղաղ ժամանակ նախատեսվում է 800, 000 անձնակազմով։
Պլանի համաձայն՝ ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և Եվրոպան Ուկրաինային տրամադրելու են անվտանգության երաշխիքներ՝ հոդված 5-ի օրինակով։ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման դեպքում նախատեսվում է ռազմական պատասխան և պատժամիջոցների վերականգնում։ Եթե Ուկրաինան ներխուժի Ռուսաստան կամ առանց սադրանքի կրակ բացի Ռուսաստանի տարածքի վրա, երաշխիքները կչեղարկվեն։ Եթե Ռուսաստանը կրակ բացի Ուկրաինայի վրա, երաշխիքները կգործարկվեն։ ԱՄՆ-ին փոխհատուցման մասին դրույթը հանվել է տեքստից։ Չի բացառվել երկկողմ անվտանգության երաշխիքների տրամադրումը և երկրների կամավոր մասնակցությունը։
Ռուսաստանը պետք է օրենսդրորեն ամրագրի Եվրոպայի և Ուկրաինայի նկատմամբ չհարձակման քաղաքականությունը։
Ուկրաինան պետք է դառնա Եվրամիության անդամ հստակ ժամկետում և ստանա է եվրոպական շուկա արտոնյալ մուտք։ ԵՄ անդամակցությունը դիտարկվում է որպես անվտանգության երաշխիքների մաս և նախատեսվում է ամրագրել անդամակցության ամսաթիվը։
Առանձին կետով նախատեսվել է Ուկրաինայի գլոբալ զարգացման փաթեթ, որը ձևակերպվելու է առանձին ներդրումային համաձայնագրով։ Այն ներառելու է զարգացման ֆոնդ, գազային ենթակառուցվածքների զարգացում, տարածքների վերականգնում և օգտակար հանածոների շահագործում։ Վերականգնման համար ստեղծվելու են մի քանի ֆոնդեր՝ մինչև 800 միլիարդ դոլար ներգրավելու նպատակով։
Համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինան կարագացնի ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի գործընթացը։ Ամերիկյան կողմը քննարկում է ազատ առևտրի համաձայնագրեր ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ։
Ամրագրվելու է Ուկրաինայի ոչ միջուկային կարգավիճակը։
Զապորոժիեի ատոմակայանի հարցում փոխզիջում չի գտնվել։ ԱՄՆ-ն առաջարկել է համատեղ կառավարում Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ միջև՝ «33%, 33% և 33%» սկզբունքով։ Ուկրաինան առաջարկել է 50/50 տարբերակ ԱՄՆ-ի հետ։ ԶԱԷՍ-ը, Էներգոդարը և Կախովկայի ՀԷԿ-ը պետք է ապառազմականացվեն։
Կողմերը պարտավորվել են ներդրել կրթական ծրագրեր՝ ուղղված հանդուրժողականությանը։ Ուկրաինան ներդնելու է ԵՄ կանոններ կրոնական հանդուրժողականության և փոքրամասնությունների լեզուների պաշտպանության ոլորտում։
Տարածքային հարցերը մնացել են ամենաբարդը։ Առաջարկվել է, որ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում զորքերի դիրքերը դե ֆակտո ճանաչվեն շփման գիծ։ Ռուսաստանը պետք է դուրս բերի զորքերը մի շարք շրջաններից։
Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը պահանջել է Ուկրաինայից դուրս գալ Դոնեցկի մարզից, իսկ ԱՄՆ-ն առաջարկել է ազատ տնտեսական գոտի։ Եթե «կանգնում ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք» տարբերակին համաձայնություն չլինի, հարցը կարող է լուծվել միայն հանրաքվեով։ Նա ընդգծել է, որ հանրաքվեի պետք է դրվի ամբողջ փաստաթուղթը, և դրա համար անհրաժեշտ է առնվազն 60 օր իրական հրադադար։
Կողմերը պարտավորվել են ուժով չփոխել համաձայնեցված պայմանները։ Ռուսաստանը չի խոչընդոտի Ուկրաինայի կողմից Դնեպր գետի և Սև ծովի օգտագործմանը առևտրային նպատակներով։ Առանձին ծովային համաձայնագիր կկնքվի։
Հումանիտար հարցերի համար կստեղծվի հատուկ կոմիտե։ Նախատեսվում է ռազմագերիների փոխանակում բոլորին բոլորի դիմաց, քաղաքացիական պատանդների վերադարձ և զոհերի խնդիրների լուծում։
Ուկրաինան պետք է հնարավորինս շուտ ընտրություններ անցկացնի համաձայնագրի ստորագրումից հետո։ Համաձայնագիրը պետք է լինի իրավաբանորեն պարտադիր և վերահսկվի Խաղաղության խորհրդի կողմից՝ Թրամփի նախագահությամբ։ Խախտումների համար նախատեսվում են պատժամիջոցներ, իսկ բոլոր կողմերի համաձայնությունից հետո ուժի մեջ է մտնելու լիակատար հրադադարը։