Կինը, որին ծննդատանը խառնել էին մեկ այլ երեխայի հետ, գրեթե 1 միլիոն եվրո փոխհատուցում է ստացել

Նման որոշում է ընդունել Լա Ռիոխայի ինքնավար համայնքի Գերագույն տարածաշրջանային դատարանը, հայտնել է դատական ​​համակարգը: Ճակատագրական սխալը տեղի է ունեցել 23 տարի առաջ։

Ե՛վ հայցվորը, որը պահանջում էր ավելի քան 3 միլիոն եվրո, և՛ տարածաշրջանային առողջապահական ծառայությունը կարող են որոշումը բողոքարկել Իսպանիայի Գերագույն դատարանում: 

Ճակատագրական խառնաշփոթը տեղի է ունեցել 2002 թվականի հունիսին Լոգրոնյոյի Սան Միլան հիվանդանոցում, որը Մադրիդից մոտավորապես 350 կիլոմետր հյուսիս-արևելք է։ Երկու նորածին աղջիկ, որոնց ինքնությունը չեն բացահայտում, դուրս են գրվել հիվանդանոցից և անհայտ պատճառներով ուղարկվել սխալ ծնողների մոտ։

Սխալը հայտնաբերվել է միայն տարիներ անց՝ պատահաբար, այն բանից հետո, երբ աղջիկներից մեկը ԴՆԹ թեստ է անցել։ Միայն 2021 թվականին, առողջապահական մարմինների կողմից տարիներ տևած հետաքննությունից հետո, երկու կանայք էլ վերջապես իմացան, որ այս խառնաշփոթի պատճառով նրանք մեծացել են իրենց կենսաբանական ծնողներից հեռու՝ տարբեր ընտանիքներում: Այդ ժամանակ իշխանությունները միջադեպն անվանեցին «մարդկային սխալ»:

Երկրորդ տուժածը նույնպես մոտ երեք միլիոն եվրոյի չափով փոխհատուցում է պահանջում: Երկու կանայք էլ Լա Ռիոխա շրջանի իշխանությունների կողմից նշանակված սկզբնական՝ յուրաքանչյուրին 850 հազար եվրո փոխհատուցումը անբավարար են համարում:

Երկու դեպքերից մեկում իրավասու դատարանը փոխհատուցումը մեծացրել է 125 հազար եվրոյով: Որոշման պատճառաբանության մեջ, ի թիվս այլ փաստերի, նշվել է, որ սխալը հայտնաբերելուց հետո զոհն արդեն չի կարողացել կապ հաստատել իր կենսաբանական մոր հետ, որը մահացել էր 2018 թվականին:

Երեխաներին փոխս գցելն «անդառնալի վնաս» է պատճառել, ուստի ավելի քան երեք միլիոն եվրո փոխհատուցման պահանջն արդարացված է, հայտարարել է հայցվորի փաստաբան Խոսե Սաես Մորգան:

Leave a Comment