Օգտագործելով Հայաստանի անունը․ իրանցիների հորինած համալսարանը չունի լիցենզիա և իրական հասցե․Հետք

Օգտագործելով Հայաստանի անունը․ իրանցիների հորինած համալսարանը չունի լիցենզիա և իրական հասցե․Հետք

Իրանցի Մոհամմադալի Մորշեդին ներկայանում է որպես North West International University (Հյուսիսարևմտյան միջազգային համալսարան, NWIU)-ի ղեկավար։ Նա տարբեր հարթակներում շահարկում է Հայաստանի անունը՝ նշելով, թե իբր «համալսարանը» հիմնադրվել և գտնվում է Հայաստանում, ունի օրինական գրանցում և ԿԳՄՍ նախարարության կողմից տրված լիցենզիա։ Ենթադրյալ համալսարանի կայքում նշվում է, որ այն ներառված է Հայաստանի բուհերի ցանկում։ Թեև Մոհամմադալին Հայաստանում երկու ընկերություն է գրանցել, դրանք ոչ մի կրթական գործունեություն չեն իրականացնում։ Փաստացի, նման համալսարան Հայաստանում գոյություն չունի, ԿԳՄՍ նախարարությունը որևէ լիցենզիա չի տվել նրան։

«Հետքին» դիմել էր իրանցի Ղոլամռեզա Մոհամմադզադեավալը՝ ներկայանալով որպես նույն «համալսարանի» նախագահ։ Ըստ նրա՝ Մոհամմադալի Մորշեդին «համալսարանի» նախկին աշխատակից է, և «համալսարանի» անունով ապօրինի գործունեություն է իրականացնում Հայաստանում։ Ղոլամռեզան Մոհամմադալիին մեղադրում է կեղծ դիպլոմների վաճառքի մեջ։ Մեզ չհաջողվեց կեղծ դիպլոմների և վկայականների մասին տեղեկություն ստանալ, Ղոլամռեզա Մոհամմադզադեավալն էլ հետադարձ կապ չհաստատեց, սակայն այլ հետաքրքիր մանրամասներ պարզեցինք այդ ենթադրյալ համալսարանի վերաբերյալ։

Կեղծ ինֆորմացիա՝ Հայաստանի հետ համագործակցության մասին

North West International University-ն (Հյուսիսարևմտյան միջազգային համալսարան, NWIU) ունի կայք, որի «հավատարմագրումներ» բաժնում Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ առանձին բաժին կա։

Նշված է, որ այն ընդգրկված է Հայաստանում գործող բուհերի շարքում և որպես հավաստում՝ տեղադրված է Վիքիպեդիա առցանց հանրագիտարանի համապատասխան էջի էկրանապատկերը։ Վիքիպեդիայի այդ հոդվածը խմբագրվել է անհայտ օգտատիրոջ կողմից, և ՀՀ-ում գործող համալսարանների ցանկում ավելացվել է North West International University-ի անունը, ապա հայ խմբագիրների կողմից այն հեռացվել է։ Խմբագրումից հետո անհայտ օգտատերը երկրորդ անգամ է ավելացրել ենթադրյալ համալսարանի անունը, ինչը կրկին հեռացվել է։

Որպես «ապացույց» ներկայացվում է 2022թ․ ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի ստորագրությամբ մի նամակ, սակայն դա լիցենզիայի մասին չէ։

Կայքում տեղադրված է նաև ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանք «համալսարանի» անվամբ՝ «ՆՈՐԹՎԵՍԹ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՅՈՒՆԻՎԵՐՍԻԹԻ» ՍՊԸ-ի գրանցման մասին, սակայն այդ ՍՊԸ-ն որևէ գործունեություն չի ծավալում Հայաստանում։ Բացի այդ, կայքում ՀՀ փաստաբանների պալատի լոգոտիպը ներկայացված է որպես ՀՀ արդարադատության նախարարության լոգոտիպ։

«Համալսարանը և դրա տրամադրած տեղեկությունները վստահելի չեն». ԱԳՆ

Ինչպես վերեւում նշեցինք, Մոհամմադալի Մորշեդին պնդում է, թե լիազորվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ որպես ապացույց կցելով փոխնախարար Ժաննա Անդրեասյանի ստորագրությամբ պաշտոնական նամակի պատասխան, սակայն դա լիցենզիայի մասին չէ։ Անդրեասյանի նամակում նշված է՝ Մոհամմադալի Մորշեդիի առաջարկած դասընթացները համարվում են լրացուցիչ կրթական ծրագրեր, որոնց համար ԿԳՄՍՆ-ի թույլտվության անհրաժեշտություն չկա։

Ամբողջությամբ՝ hetq.am 

Leave a Comment