Ըստ Սահմանադրության՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն հունիսի 2-12-ն ընկած միջակայքում։ Այս մասին այսօր տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ հավելելով, որ ընտրությունների օրը նշանակվում է ՀՀ նախագահի հրամանագրով։
«Գիտեք, նախագահի հրամանագիրը դեռ չկա, բայց բոլորն ընտրությունների հստակ օրն արձանագրած, այսպես ասած, ընթանում են առաջ. այդ օրն է հունիսի 7-ը։ Ինչո՞վ է դա պայմանավորված, որովհետև իմ նշած ժամանակահատվածում միակ կիրակին հունիսի 7-ն է։ Եթե նախագահը այլ օր նշանակի, շղթայական իրավական կարգավորումների անհրաժեշտություն կառաջանա, այդ թվում՝ աշխատանքային օրերից մեկը ոչ աշխատանքային հայտարարելու։ Օրենքով հստակ կարգավորում չկա, բայց բոլորը լռելյայն գիտեն, որ դա պետք է լինի կիրակի օր»,-ասաց նա։
Ըստ Հովակիմյանի՝ այս ընտրություններում կիրառվելու են մոնիտորինգի ու վերահսկողության մի շարք գործիքներ՝ մասնակիցների ֆինանսավորման գործընթացի վերահսկողությունն ավելի պատշաճ ու ժամանակակից գործիքակազմերով իրականացնելու համար։
«ԿԸՀ-ն միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մոնիտորինգային ծրագրեր է կիրառելու, որոնք մեզ հնարավորություն կտան համացանցում տեղի ունեցող քարոզչությունն ավելի փաստարկված ու հնարավորինս ընդգրկուն մոնիտորինգի ենթարկել»,-նշեց ԿԸՀ նախագահը։