Կարծում եմ՝ Վենսի այց լինելու դեպքում, այդ այցը կլինի ոչ թե հայաստանյան, այլ ռեգիոնալ տրամաբանությամբ՝ Վրաստան և Ադրբեջան ևս. վերլուծաբան


Քաղաքականություն


Այսօր տեղեկություն է շրջանառվել, որ հնարավոր է գալիք փետրվարին Հայաստան ժամանի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Գրել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը:

«Չգիտեմ, որքանով կհաստատվի տեղեկությունը պաշտոնապես, եթե հաշվի առնենք նաեւ, որ այս ընթացքում ոչ պաշտոնական խողովակով շրջանառվեց նաեւ Թրամպի որդու Հայաստան այցի մասին, որը սակայն տեղի չունեցավ:

Կարծում եմ սակայն, որ փոխնախագահ Վենսի այց լինելու դեպքում, այդ այցը կլինի ոչ թե հայաստանյան, այլ ռեգիոնալ տրամաբանությամբ: Վենսը հազիվ թե այց կատարի միայն Հայաստան: Մեծ հավանականությամբ նա առնվազն կլինի նաեւ Ադրբեջանում, եւ հնարավոր է նաեւ՝ Վրաստանում:

Նկատենք, որ Վրաստանը ամիսներ շարունակ փորձում է գրավել ԱՄՆ նոր վարչակազմի ուշադրությունը:

Միեւնույն ժամանակ, այս ամենով հանդերձ հարկ եմ համարում եւս մեկ անգամ հիշատակել այն, որ օրեր առաջ Թրամպի վարչակազմը հանրայնացրեց ազգային անվտանգության թարմացված ռազմավարությունը, կամ այլ կերպ ասած՝ իր ռազմավարական առաջնահերթությունների «քարտեզը», որում Կովկասի մասին չկար ոչինչ: Սա բնականաբար չի նշանակում, թե Կովկասը ընդհանրապես չի լինելու վարչակազմի հետաքրքրության ուղղություն: Այստեղ հարցը դասակարգումն է: Եվ Կովկասն այդ իմաստով ռազմավարական դասակարգման շարքում չէ».-գրել է վերլուծաբանը:


Leave a Comment