ՀՀ Սահմանադրության կարգավորումների համաձայն՝ 2026 թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամկետը հունիսի 2-12-ն ընկած միջակայքն է, ասել է ԿԸՀ նախագահը

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Սահմանադրության կարգավորումների համաձայն՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամկետը հունիսի 2-12-ն ընկած միջակայքն է: Այս տասնօրյակում է, որ պետք է ընտրությունները տեղի ունենան:
Այս մասին այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:
ԿԸՀ նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի հրամանագիրը դեռևս չկա, սակայն բոլորը ընտրությունների օրը արձանագրած ընթանում են առաջ, և այդ օրը հունիսի 7-ն է։
«Ինչո՞վ է դա պայմանավորված, որովհետև իմ նշած ժամանակահատվածում միակ կիրակին հունիսի 7-ն է։ Եթե նախագահը այլ աշխատանքային օր նշանակի, շղթայական իրավական կարգավորումների անհրաժեշտություն կառաջանա, այդ թվում աշխատանքային օրերից մեկը ոչ աշխատանքային հայտարարելու»,- ասաց ԿԸՀ նախագահը։
Հովակիմյանի խոսքով՝ քարոզարշավի և ընտրական գործընթացների ֆինանսական թափանցիկության ու ֆինանսավորման օրինականության գործընթացն ավելի պատշաճ և ժամանակակից գործիքակազմերի կիրառմամբ իրականացնելու նկատակով ԿԸՀ- ն կիրառելու է մոնիթորինգային ծրագրեր համագործակցելով միջազգային գործընկերների հետ։
«Դրանք հնարավորություն կտան համացանցում տեղի ունեցող գործընթացները և քարոզչությունն ավելի փաստարկված և հնարավորինս ընդգրկուն ծավալներով դիտարկել և մոնիթորինգի ենթարկել»,- ասաց ԿԸՀ նախագահը:
Հովակիմյանը նաև հայտնեց, որ 2026թ.-ի աշնանը ևս մեծ թվով ՏԻՄ ընտրություններ են սպասվում: