Պատգամավոր․ «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթը տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ

Պատգամավոր․ «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթը տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ

24 դեկտեմբերի 2025 – 12:36 AMT

PanARMENIAN.Net – «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը Սիսիանի ոստիկանության բաժնից տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այդ մասին հայտնել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Քիչ առաջ Սիսիանի ոստիկանության բաժնից «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը:

Հրամանատարի պարագայում սա առաջին քաղաքական հալածանքը չէ: Գաղտնիք չէ, որ այս իշխանությունների օրոք չեն հանդուրժվում հայրենասերները՝ զանազան շինծու մեղադրանքներով հայտնվելով բանտերում:

Աշոտ Մինասյանի հետ զրուցելիս անմիջապես զգացվում է, թե որքան ցավ է ապրում Արցախի կորստի համար: Եվ հիմա փորձում են ինչ-որ ապօրինի զենքի մեղադրանքով արցախյան պատերազմի մեջ անուրանալի ներդրում ունեցած, «Երկաթ» անվանումը ստացած հրամանատարին զրկել ազատությունից:

«Սիսական» ջոկատի հրամանատարն այն բացառիկ սիրված կերպարներից է, որի հերոսականության մասին նկարահանվել են ֆիլմեր, գրվել երգեր:

Հրամանատարն ինքն էլ գրում է բանաստեղծություններ:

Ինչպես ինքն է սիրում ասել. «մենք կոտրվող չենք, սյունեցին՝ առավել ևս…»:

Ազատությու՛ն լեգենդար հրամանատարին, ազատությու՛ն քաղբանտարկյալներին»,–գրել է պատգամավորը։

2024–ի դեկտեմբերի 26-ի դատավճռով Աշոտ Մինասյանն մեղավոր է ճանաչվել իրեն առաջադրված մեղադրանքի մեջ և դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, սակայն, հաշվի առնելով նրա՝ մինչ այդ կալանքի տակ գտնված ժամանակահատվածը, դատարանը սահմանել է 1 տարի 10 ամիս վերջնական պատիժ՝ առանց պայմանականության կիրառման։

Պաշտպանական կողմը ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի որոշումը և արդարացնել Մինասյանին։ Մեղադրող կողմն իր հերթին պահանջել է ավելացնել պատժի չափը՝ սահմանելով 2 տարի 6 ամսվա ազատազրկում։Դատարանը որոշել է մասնակիորեն բեկանել առաջին ատյանի վճիռը՝ վերացնելով պայմանական ազատման մասին դրույթը և նշանակելով փաստացի ազատազրկում՝ 1 տարի 10 ամիս ժամկետով։

Leave a Comment