Նախագահ Թրամփը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել նաև անձնական մակագրությամբ նվեր՝ ի նշան բարձր գնահատանքի

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Դեսպան Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել նորանշանակ դեսպանների համար կազմակերպված միջոցառման շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ցուցաբերած հետևողական ջանքերի, ինչպես նաև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված պատմական համաձայնության և ստորագրված փաստաթղթերի համար։
Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է հայ ժողովրդին՝ ընդգծելով, որ վերջինս արժանի է կայուն խաղաղության և վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը խաղաղությանն ուղղված գործընթացներին։
Նախագահն առանձնակիորեն ընդգծել է նաև ՀՀ վարչապետի առաջնորդությունն ու նշանակալի դերակատարությունը հաստատված խաղաղության գործընթացում։
Նախագահ Թրամփը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել նաև անձնական մակագրությամբ նվեր՝ ի նշան բարձր գնահատանքի։