ՄԱԿ-ի փորձագետները և 400 հայտնի կանայք կոչ են արել Իրանին մահապատժի չենթարկել 67-ամյա էլեկտրիկ ինժեներ և կանանց իրավունքների շարժման ակտիվիստ Զահրա Թաբարիին, հաղորդում է BBC-ն:
Նրա ընտանիքի խոսքով՝ Թաբարին ձերբակալվել էր ապրիլին և մեղադրվում էր արգելված ընդդիմադիր «Իրանի մոջահեդների ժողովրդական կազմակերպություն» խմբավորման հետ համագործակցելու մեջ:
Հոկտեմբերին Ռեշտում հեղափոխական դատարանը նրան մեղավոր է ճանաչել «զինված ապստամբության» մեջ: Նրա ընտանիքը հայտարարել է, որ դատավճիռը հիմնված է եղել խիստ սահմանափակ և ոչ հուսալի ապացույցների վրա՝ «կին, դիմադրություն, ազատություն» գրությամբ կտորի և չհրապարակված աուդիո հաղորդագրության:
Իրանի իշխանությունները դեռևս որևէ կերպ չեն մեկնաբանել այս գործը:
ՄԱԿ-ի փորձագետների տվյալներով՝ հայտնի է, որ առնվազն ևս 51 մարդու մահապատիժ է սպառնում Իրանում:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցողները, ինչպես նաև կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության աշխատանքային խմբի հինգ անդամներ համատեղ հայտարարության մեջ նախազգուշացրել են, որ Թաբարիի գործը ցույց է տալիս «մարդու իրավունքների միջազգային իրավունքի լուրջ խախտումների օրինակ»:
Նրանք նաև նշել են, որ միջազգային իրավունքը մահապատիժը սահմանափակում է առավել ծանր հանցագործություններով, այսինքն՝ դիտավորյալ սպանություններով:
