ՆԳՆ-ից ու «Ran oil»-ից հերքում են․ Վանաձորի լցակայանում որևէ միջադեպ չի եղել, որևէ սարք չեն կոտրել  

Հասարակություն

24.12.2025 | 11:45

«Երեկ որևէ միջադեպ տեղի չի ունեցել բենզալցակայաններից որևէ մեկում, բնականոն հունով աշխատել ենք»,- այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Հայրիյանը՝ անդրադառնալով երեկ սոցիալական հարթակներում տարածված այն տեղեկություններին, թե ադրբեջանական վառելիքի վաճառքի հետ կապված Վանաձորում վիճաբանություն է տեղի ունեցել «Ran Oil» բենզալցակայանում, ինչի հետևանքով կոտրել են լցակայանի սարքերը։

Ներքին գործերի նախարարությունից ևս հերքեցին տեղեկությունը, նշելով՝ որևէ հաղորդում կամ ահազանգ չեն ստացել։

Factor TV-ն Հայրիյանից նաև հետաքրքրվեց՝ արդյո՞ք նախորդ օրերի համեմատ երեկվա վաճառքի ծավալներում փոփոխություններ եղել են, ՍՊԸ տնօրենը նշեց. «Մեկ օրը շատ քիչ է թվերի մասին խոսելու համար, որոշ ժամանակ հետո արդեն այդ հարցին կարող ենք հստակ պատասխանել»։

Հիշեցնենք՝ Ադրբեջանից ներկրված բենզինը երեկվանից 440 դրամով վաճառվում է «Ran Oil» բենզալցակայանների ցանցում, որը պատկանում է «Մեգա Թրեյդ»-ին։ Այս ընկերությունը ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» կազմում է։

Նշենք, որ «Մեգա Թրեյդ»-ը Ադրբեջանից 600 տոննա բենզին է ներկրել։ Ընդհանուր ՀՀ է ներմուծվել 22 վագոն բենզին։ Ներկրող մյուս ընկերության անունը դեռևս չի հրապարակվում։

Ռոզա Վարդանյան

Leave a Comment