24 դեկտեմբերի 2025 – 11:48 AMT
PanARMENIAN.Net – Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ տարեսկզբին, իր տեղեկություններով, սպասվում է ԱՄՆ չափազանց բարձրաստիճան պաշտոնյայի այց։
Ըստ նրա՝ կարևոր է հասկանալ, թե արդյո՞ք դեսպանը կշարունակի պաշտոնավարել բարձրաստիճան պաշտոնյայի այցի ընթացքում։
«Հաջորդ տարվա սկիզբը Հայաստանում չափազանց ակտիվ է լինելու ամերիկյան քաղաքականության իմպլեմենտացիայի տեսանկյունից։
Իմ տեղեկություններով սպասվում է չափազանց բարձրաստիճան պաշտոնյայի այց՝ փետրվարին։ Չեմ բացառում, որ ֆորմալ առումով կարող է բացվել նաև Թրամփի ուղղին։
Այս ֆոնին առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում դեսպանի հետկանչի վերաբերյալ տեղեկությունները։ Ինձ համար չափազանց կարևոր է հասկանալ՝ արդյոք դեսպանը կշարունակի պաշտոնավարել բարձրաստիճան պաշտոնյայի այցի ընթացքում, թե նրան կփոխարինի գործերի ժամանակավոր հավատարմատարը, քանի որ այսքան կարճ ժամանակահատվածում նոր դեսպանի նշանակման հավանականությունը գրեթե զրոյական է։
Հայաստանում երբևէ ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան եղել է Ներկայացուցիչների Պալատի խոսնակը և Պետքարտուղարը»,–ասվում է գրառման մեջ։
ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ երեք տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին դեսպան Քրիստինա Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում։ Նշվում է, որ դեսպանի հեռանալուց հետո ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում փոփոխության չի ենթարկվի:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թրամփի հրահանգով 29 դեսպան հետ կկանչվի տարբեր երկրներից, այդ թվում՝ ՀՀ–ից։ Նրանք բոլորն իրենց պաշտոնները ստանձնել են նախորդ նախագահ Ջո Բայդենի օրոք։ Ըստ Associated Press-ի, նշվել է նաև, որ դեսպանը «նախագահի անձնական ներկայացուցիչն է և նախագահի իրավունքն է՝ ապահովել, որ այդ երկրներում լինեն այնպիսի անձինք, ովքեր առաջ են տանում America First օրակարգը»: