«Ձորակ» խնամքի կենտրոնի նախկին տնօրենը մեղավոր է ճանաչվել. ԳԴ – Armenia Today

Հակակոռուպցիոն դատարանը ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կենտրոնի նախկին տնօրեն Ս.Խ.-ին մեղավոր է ճանաչել խոշոր չափի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, հայտնել է Գլխավոր դատախազությունը:

Ըստ ԳԴ-ի՝ Ս.Խ.-ն,  ով տնօրենի պաշտոնն զբաղեցրել է 2014 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի մարտի 26-ը, կենտրոնի խնամարկյալ Ա.Թ.-ին պատկանող բնակարանի 2/3 մասնաբաժինը վաճառելու համար լիազորագիր տրամադրելու նպատակով նրա հորաքույրներից պահանջել է 6000 դոլար կաշառք:

Նա ստացել է 2000 դոլար և խնամակալության և հոգաբարձության մարմնի համապատասխան թույլտվություն չունենալու պայմաններում 2 տարի ժամկետով տվել է լիազորագիր՝ լիազորելով Ա.Թ.-ի հորաքրոջը հանդես գալ որպես նրա շահերի ներկայացուցիչ, նշում է դատախազությունը: Ըստ հաղորդագրության՝ 2020 թվականի հուլիսի 6-ին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր՝ 12 միլիոն 63 հազար դրամով, որի 2/3-րդ մասնաբաժինը չի հատկացվել Ա.Թ.-ին կամ վերջինիս խնամակալ հանդիսացող կենտրոնին:

2024 թվականի սեպտեմբերին Ս.Խ.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար) և 2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):

Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատախազությունը կձեռնարկի համապատասխան միջոցներ՝ առուվաճառքի պայմանագիրն առոչինչ ճանաչելու ուղղությամբ։

Leave a Comment