«Հայաստան» խմբակցության անդամները դեսպանների հետ խոսել են գերիների մասին

«Հայաստան» խմբակցության անդամները դեսպանների հետ խոսել են գերիների մասին

24 դեկտեմբերի 2025 – 11:26 AMT

PanARMENIAN.Net – «Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպանների հետ՝ քննարկելով մի շարք ներքաղաքական և արտաքին քաղաքական խնդիրներ։ Հանդիպմանը մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Արմեն Գեւորգյանը և Քրիստինե Վարդանյանը։

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ խաղաղության ապահովման երաշխիքներին: Պատգամավորները բարձրաձայնել են Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի, ինչպես նաև Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցերը:

Պատգամավորները ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Եվա Սունդքվիսթին, Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին և Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքին են ներկայացրել իրենց տեսակետները Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, խոսել ՀՀ-Եվրամիություն համագործակցությունից՝ կարևորելով դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում ԵՄ աջակցությունը:

Խմբակցության անդամները մտահոգություն են հայտնել, ըստ իրենց, Հայաստանում ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ:

Ադրբեջանից ԿԽՄԿ–ի հեռանալուց հետո ոչ մի անկախ միջազգային կառույց կամ կազմակերպություն չի այցելում հայ գերիներին, նրանց առողջական վիճակի մասին հավաստի տեղեկություններ չկան։

Leave a Comment