Հայաստանի Հանրապետական կուսակցության գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ու նրա որոշ թիմակիցների հայտարարություններին՝ կապված նախկին նախագահների՝ 2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցության հետ։
Թաթոյանն այժմ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավարն է և հայտարարել էր ընտրություններին որպես վարչապետի թեկնածու առաջադրվելու որոշման մասին։ Նա նոյեմբերին կարծիք էր հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններով հեռացնելու համար ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես նաև նրանց ղեկավարած ուժերը չպետք է մասնակցեն առաջիկա ընտրություններին։
Շարմազանովը նախկին նախագահների վերաբերյալ հայտարարություններ անողներին կոչ է արել պայքարել ոչ թե նրանց, այլ Փաշինյանի դեմ։
«Մի քանի նորաթուխ «քաղաքական» գործիչներ կան, որոնք Նիկոլին հեռացնելու հավակնությունով մտել են քաղաքական դաշտ, բայց ձեռքի հետ էլ հանդես են գալիս պաշտոնաթող նախագահների ընտրություններին մասնակցելու դեմ։ Թե բա՝ եթե պաշտոնաթող նախագահները մասնակցեն, Նիկոլը կվերընտրվի։ Թե բա՝ նրանք «նախկիններ» են, բա դուք ո՞վ եք,նախկին չե՞ք… Գնացեք, կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ, ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից»,- գրել է ՀՀԿ անդամը։
Նա ընդգծել է, որ Հանրապետականն ինքն է որոշում իր քայլերը։
«Հեռու մնացեք ՀՀԿ-ից, գնացեք, ձեր ձայները հավաքեք, եթե ունեք։ 2018-ից հետո ձեր նման լիքը հավակնոտ «սյուրպրիզներ» ենք տեսել, բայց թիթեռնիկի կյանք են ունեցել, իսկ ՀՀԿ-ն պայքարել, պայքարում ու պայքարելու է»,- հավելել է նա։
