
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ սահմանվել է հակագնագցման տուրք ԵԱՏՄ տարածք ներմուծվող չինական ծագում ունեցող գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ. միևնույն ժամանակ, Հայաստանի համար սահմանվել է հակագնագցման տուրքի վճարումից ազատում՝ նշված ապրանքի մինչև 700 տոննա ծավալով ներմուծման համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի համապատասխան որոշմամբ սահմանվել է հակագնագցման տուրք ԵԱՏՄ տարածք ներմուծվող՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 11 002 0 ծածկագրին դասվող 520 մմ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 650 մմ տրամագծով շրջանաձև լայնական հատույթով կամ այլ լայնական հատույթով 2700 սմ2-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 3300 սմ2 մակերեսով վառարաններում օգտագործվող գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ:Միաժամանակ Հայաստանի Հանրապետության համար սահմանվել է հակագնագցման տուրքի վճարումից ազատում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող նշված ապրանքի համար տարեկան 700 տոննա ծավալով։
Վերոնշյալ արտոնությունը գործելու է 5 տարի ժամկետով։Նշենք, որ հակագնագցման տուրքից ազատումը տրամադրվելու է տնտեսվարող սուբյեկտներին բացառապես որոշման մեջ նախատեսված ապրանքը ներմուծելու ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը ներկայացնելու դեպքում»,- ասված է հաղորդագրության մեջ։